Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը կարճվել է

20:18, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը կարճվել է

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։ Գասպարյանի հոր և եղբոր՝ Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների և ծախսերի հայտարարագրերը, ինչը չի արվել։

Ըստ այդմ, այդ ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 14-ին, Հանձնաժողովում նախատեսված էր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը, սակայն, ինչպես պարզվեց՝ գործի քննությունից առաջ Գասպարյաններն արդեն ներկայացրել են հայտարարագրերը։ Այս հանգամանքները նկատի ունենալով՝ ԿԿՀ-ն կարճել է վարչական վարույթը՝ հայտարարելով բանավոր դիտողություն և ազատելով վերջիններիս պատասխանատվությունից։

1295 | 0
Facebook