Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Պուտինի և ռուսական հրամանատարության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին

00:56, հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ.
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Պուտինի և ռուսական հրամանատարության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հավանություն է տվել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսական ռազմական հրամանատարության հատուկ տրիբունալ ստեղծելու մասին բանաձևին։

«Ստրասբուրգում կայացած համատեղ բանավեճերից հետո այսօր ընդունված երեք բանաձևերում ԵԽԽՎ-ն նախանշել է Վլադիմիր Պուտինին և նրա գեներալներին Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու և ուկրաինական մշակութային ինքնությունը ջնջելու նրա փորձերին հակազդելու պլանները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հատուկ տրիբունալի ստեղծումն «իրավական հիմքի և քաղաքական լեգիտիմության տեսանկյունից լավագույն հնարավոր տարբերակն էր»՝ հանցագործությունների համար Ռուսաստանի ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Հատուկ տրիբունալը կստեղծվի Եվրոպայի խորհրդի և Ուկրաինայի միջև համաձայնագրի հիման վրա։ Նիդեռլանդների ներկայացուցիչներն առաջարկել են նման տրիբունալ անցկացնել Հաագայում։ ԵԽԽՎ-ն նաև կրկին կոչ է արել բռնագրավել ռուսական ակտիվները և դրանք փոխանցել Ուկրաինայի փոխհատուցման միջազգային հիմնադրամին։

Առանձին բանաձևով Խորհրդարանական վեհաժողովը առաջարկել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների «բացերը» փակելու ուղիներ, մասնավորապես՝ ցուցակագրել և արգելափակել «ստվերային նավատորմի» նավերը, ուժեղացնել արտահանման վերահսկողությունը և մայր ընկերություններին պատասխանատվության ենթարկել իրենց դուստր ձեռնարկությունների գործողությունների համար:

Երրորդ բանաձևում ԵԽԽՎ-ն դատապարտեց Ռուսաստանի համակարգված ջանքերը՝ ուղղված ուկրաինական մշակութային ինքնությունը ջնջելուն, ինչպիսիք են, օրինակ՝ պատմության դասագրքերի վերաշարադրումը, մշակութային ժառանգության ոչնչացումը և երեխաների ռուսականացումը:

Անցյալ մարտին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային:

Պուտինը կասկածվում է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ բնակչության (երեխաների) անօրինական տեղահանման և նրանց Ուկրաինայի օկուպացված տարածքներից Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխման համար։ Նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաև Լվովա-Բելովային։ Դատախազի պահանջով Պուտինի և Լվովա-Բելովայի նկատմամբ կալանքի օրդեր է տրվել։ Հանցագործությունները, որոնց համար մեղադրվում է Պուտինը, կատարվել են Ուկրաինայի օկուպացված տարածքում առնվազն 2022 թվականի փետրվարի 24-ից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՄՔԴ որոշումները «իրավականորեն անվավեր են»։ «Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի կողմ չէ և որևէ պարտավորություն չի կրում դրանով։ Ռուսաստանը չի համագործակցում այս մարմնի հետ»,- պարզաբանել է նա: Անցյալ տարվա մայիսին ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա մեղադրանք է առաջադրել ՄՔԴ-ի դատախազին և դատավորներին, որոնք Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր են տվել, ինչպես նաև հետախուզում են հայտարարել դատախազին ու դատավորներին։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998 թվականին՝ համաձայն Հռոմի կանոնադրության: Դատարանը ՄԱԿ-ի մաս չէ, բայց ունի մանդատ՝ դատելու մարդկանց ռազմական հանցագործությունների, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար: Ռուսաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին, սակայն փաստաթուղթը չի վավերացրել։

2320 | 0
Facebook