Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ»․ Սասուն Միքայելյան

12:36, չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
«Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ»․ Սասուն Միքայելյան

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել. «Սիրելի՛ երկրապահներ, կամավորականներ, ազատամարտիկներ, զինակից ընկերներ, հերոսածին մայրեր, քույրեր։
     Շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ։
     Տոնդ շնորհավո՛ր, երկրապահ:
     Տոնդ շնորհավո՛ր, Վազգեն Սարգսյան:
     Նախորդ դարավերջին հայ ժողովուրդը համախմբվեց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և մենք ազգովի կերտեցինք մեր նորագույն պատմության փառահեղ էջը:
     Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ձեւավորվեց Երկրապահ կամավորականների միություն այս հզոր կառույցը, որը դարձավ մեր բանակի հիմքը։ Երկրապահն ի սկզբանե եղել է մեր պետության և բանակի կողքին։
     Երկրապահը միշտ սահմանում է, զինվորի կողքին:
     Մենք՝ երկրապահներս, անցել ենք դժվարին ճանապարհներ, հաղթահարել բազում փորձություններ.
     Սիրելի՛ պատանի երկրապահներ, դուք եք մեր ապագան կերտողները և ես հավատում եմ, որ մեր արժանի հետնորդները կդառնաք:
     Երկրապահի օրվա և մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորում եմ մեր ժողովրդին:
     Մայիսի 9-ը միասնությամբ, համախմբվածությամբ կերտած հաղթանակների օր է:
     Գնահատենք մայիսյան տոների արժեքը, գնահատենք մեր նորանկախ պետականության համար պայքարած անհատներին, կամավորականներին, բանակին, գեներալից մինչեւ զինվոր:
     Սիրելի՛ հայրենակիցներ, պատմականորեն, երբ համախմբվել ենք, տարել ենք հաղթանակներ, ուստի այսօր առավել քան կարևոր է մեր միասնությունը, համախմբվածությունը:
     Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված մենք կրկին կապրենք ազգային վերելքներ:
     Սիրելի՛ հայրենակիցներ, միասին պահենք ու հզորացնենք բազում փորձություններով և արհավիրքներով անցնող մեր հայրենիքը:
     Հավերժ փա՛ռք Անկախության համար նահատակված քաջերին,
     Հավերժ հիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին,
     Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
     Փա՛ռք երկրապահին, ազատամարտիկներին, մեր բանակին, զինվորներին,
     Փա՛ռք մեր հայրենիքին,
     Աստված պահապան մեր ազգին»:

2162 | 0
Facebook