Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից

11:24, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից

Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
     Վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ Ս․Վ-ն Երևան քաղաքի Քրիստափոր-Արշակունյաց փողոցների խաչմերուկում՝ թիվ 42 երթուղային ավտոբուսի մեջ, մոտեցել է նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հակոբ Ասլանյանին։ Հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ տեսագրելու և տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը՝ այն պահել է Հակոբ Ասլանյանի ուղղությամբ և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ Հակոբ Ասլանյանին և նրա ներկայացրած կուսակցության անդամների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելով, ինչպես նաև հասարակության նկատմամբ անհարգալից` իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելելով, կատարել է խուլիգանություն։
     Մասնավորապես՝ Ս․Վ-ն Հակոբ Ասլանյանի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ և, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը՝ շարունակելով վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները նրանով, որ Հ.Ասլանյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ՀՀ ԱԺ պատգամավոր:
     Արդյունքում երթուղային ավտոբուսի վարորդը Երևան քաղաքի Խանջյան-Բուզանդ փողոցների հատման հատվածում ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել դուրս գալ երթուղայինից։ Այդ կերպ Ս.Վ-ն խոչընդոտել է հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը:
     Ձեռք բերված փաստերի հիման վրա Երևանի 30-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
     Դատարանի որոշմամբ Ս․Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 մլն դրամի չափով։

Աղբյուրը` ՀՀ ՔԿ
1914 | 1
Facebook