Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի՝ Երևանում ծառերի փոխարինման մեթոդաբանության դեմ ուղղված ելույթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ հիշեցնելով․ «Տիկի՛ն Վարդանյան, 4 տարի առաջ դուք աներկբա, կոնկրետ ասել եք, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն։ Այն ժամանակ դուք և գերմանացի մասնագետները նշում էիք, որ ծառերը պետք է փոխարինվեն ամբողջական փողոցով, քանի որ թեղիների հիվանդությունները կարող են փոխանցվել նոր տնկիներին։ Ապշեցուցիչ է, թե ինչպես է հնարավոր ձեր ասածը 180 աստիճանով փոխված ներկայացնել։ Ձեր անկեղծությանը չեմ վստահում և այսուհետ խուլ եմ ձեր բարձրաձայնած բոլոր հարցերի համար»,- ասաց Ավինյանը։ Իսկ երբ Քրիստինա Վարդանյանը փորձեց հակադարձել, թե կոնտեքստից դուրս է ներկայացվում իր կարծիքը, վիճաբանություն սկսվեց նրա ու քաղաքապետի միջև, որից հետո ավագանու անդամը զրկվեց խոսքի իրավունքից։