Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենասարսափելի երազում անգամ չէինք պատկերացնի, որ Արցախի դրոշը Հայաստանի որևէ քաղաքում բարձրացնելը կդառնա հերոսություն». Նազենի Հովհաննիսյան

16:12, երկուշաբթի, 11 ապրիլի, 2022 թ.
«Ամենասարսափելի երազում անգամ չէինք պատկերացնի, որ Արցախի դրոշը Հայաստանի որևէ քաղաքում բարձրացնելը կդառնա հերոսություն». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ամենասարսափելի երազում անգամ չէինք պատկերացնի, որ Արցախի դրոշը Հայաստանի որևէ քաղաքում կամ Երևանի տարբեր մասերում բարձրացնելը՝ կդառնա հերոսություն:

Որ Արցախի դրոշը Երևանի սրտում կունենա ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ կարիք՝ ինչ-որ անհասկանալի խմբավորումից, որոնք իբր հայ են... Իսկ իրականում՝ սրբապիղծներ:

Որ Սասունցի Դավթի էպոսը կպղծվի էդպես... կպղծվի նպատակային ու «ազգայինի» կեղծ դիմակի տակ՝ դրսի հերթական գրանտով:

Որ հայրենասիրությունը և հայրենատիրությունը կդիտվի իբրև «հետամնացություն», որ միջին վիճակագրական Հայաստանցին կդառնա իր երկրում ծառա՝ ոչ թե իր Երկրին ծառայող, այլև՝ թուրքին, ռուսին, թրքասերին,ամերիկացուն... տո ում ասես, միայն թե՝ ոչ հային...(տուրիզմի հետ չշփոթել): Որ Ռուսաստանից Հայաստան «կտեղափոխվեն» ռուսական աղանդները՝ ուղիղ տեղի աղանդների տաք ծոցը... որ Հայը գոնե իր մշակույթն ու լեզուն իր երկրում պարտադրի ՈՐԵՎԷ օտարի, ինքն արագ ու «կազմակերպված»՝ հանուն բիզնեսի հաջողության, կդառնա օտար:

Որ մի փոր հացն ու «բարձրաստիճան» մի տխմարի հայացքն ու բարևն արժի մի Երազանք դարձած Հայրենիքի գին:

Որ արտաքին քաղաքականության ու դիվանագիտական բոլոր նորմերը թողած, վերելակային «դիվանագիտությամբ» կամ «սաստող» հայացքով՝ տարիների անվտանգությունն ու խաղաղությունը սպանածներին կդիմավորեն աղ ու հացով: Որ արսինեխանջյանները կգան, սովորական քաղաքացուն կօգտագործեն որպես փալաս, ու կգնան իրենց «եվրոկանադական» տխմարությունները շարունակելու, ասես ոչինչ էլ չի եղել...

Որ Դադիվանքն իր օրում էդքան ուխտավոր չի տեսնի, քան կապիտուլյացիայով՝ մի ստորագրությամբ այն թշնամուն նվեր տրված ժամանակ՝ ուղիղ 5 օր... որ հետո էլի դառնա հուշ...

Որ եկեղեցին հայի համար կմնա լոկ սիրուն շենք, աքլոր մորթելու, ծառին թաշկինակ կապելու տեղ... փոխարենն իր ներսի տաճարը նախ կանգուն պահելուն ու Տաճարում աղոթելուն, էլ չասեմ պատվիրաններով ապրելու մասին... որ դրսի հայերը կարող ու ուժեղ են միայն, երբ ուժեղ է ՀՀ- ն ու կա ղեկավար... Իսկ առանց Հայաստան՝ ցաքուցրիվ՝ գիտությանն անհայտ մի ազգ...

Որ արվեստագետ կոչվածների մի մասը ոնց ուզի կապրի՝ պատճառ բռնելով, թե «չի զբաղվում «քաղաքականությամբ», թեև ակտիվ գոռում էր հրապարակում 4 տարի առաջ հենց քաղաքական մարիոնետ դարձած... իսկ մյուս՝ մի քանի անհատը պիտի չապրեն իրենց կյանքով, չունենան անգամ իրենց պարզ երջանկությունն ու պիտի փրկեն, չէ՜, պարտավո՛ր են «փրկել» Հայրենիքն ու հետո էլի զոհ գնալ...

Որ ԱՄՆ-ում մեքենայից ոչ մի աղբ չնետողը, Հայաստանում իր հետևից թողնում է դարավոր ԱՂԲԻ հետք...

Որ հեռուստատեսությունը ոչ էլ կրթող է, անգամ ժամանց չի արդեն, փող լվալու կայան, և ոչ ոք՝ ոչինչ էլ Է՛Լ չի պահանջի... Որ մեր պատմությունն էնքան թերի իմացանք ու դպրոցում էլ նորմալ չանցանք, որ լրիվ ջնջեցին՝ առանց էն էլ կիսատված մեր հիշողությունից...

որ ... յուրաքանչյուրդ իր «որ»-ն ունի, վստահ եմ...

Ե՞լքը՝ չհոգնելն է:

Անկեղծ:

Չհիասթափվելը:

Չխոցվելն ու չչարանալը: Ելքը՝ Ծաղկազարդին պսակով նկարվելուց հետո գոնե՝ խորհուրդը հասկանալն է ու մյուս անգամ Ծեսին մասնակցելը...

Փնտրել արժանի հային ու գտնելով՝ իրարով շարժվել առաջ,
     չսպասել՝ դիմացինդ ինչ կփոխի քո փոխարեն. դու փոխես: Չբարկանալ նույնն բանն անգամ 1000 անգամ ասելուց, չընդունել դիմացինի անտարբերությունը:

Գտնել լուսավորը՝ ամենամութ անկյունում անգամ:

Եվ վերջապես գիտակցել, որ Հայաստանը մեկն է, ու որքան էլ ծվատված լինի՝ ՄԻԱԿՆ Է:

Ու, եթե մի կողմ դնել ամենայն հայոց մեծամտությունն ու դրանից առաջացած խորը թերարժեքությունը, ապա հնարավոր կլինի տեսնել ու սովորել օտարից լավը, բայց ցույց տալ ու սովորեցնել՝ Հայոց լավագույնը: Գուցե մի օր նաև ՊԱՐՏԱԴՐԵԼ աշխարհին ամբողջական Հայաստանի և Արցախի՝ իսկապես արժանապատիվ ու ազատ Գոյության իրավունքը:

Ստորև կցում եմ Արման Թաթոյանի հրապարակած քարտեզը՝ ներկայիս վիճակով: Մնացածը թողնեմ ձեր՝ տեսնելու և խորանալու կարողությանը...»:

4474 | 1
Facebook