Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպե՞ս կարող էր Հայաստանը հրաժարվել Սևրից, երբ ռուս-թաթարա-թրքական եռագլուխ հրեշը բնաջնջում էր հայ ազգի սերուցքը». պատմաբան

00:00, երկուշաբթի, 01 նոյեմբերի, 2021 թ.
«Ինչպե՞ս կարող էր Հայաստանը հրաժարվել Սևրից, երբ ռուս-թաթարա-թրքական եռագլուխ հրեշը բնաջնջում էր հայ ազգի սերուցքը». պատմաբան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԵ՞ՎՐ, ԹԵ՞ ՄՈՍԿՎԱ
     1920թ․ մայիս-օգոստոս ամիսներին պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև ընթանում էր հեռակա բանավեճ, ինչն ավելի շուտ իրենից ներկայացնում էր բողոքների ու հակաբողոքների շարան։ ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանն ու ՌԽՖՍՀ արտգործժողկոմ Գեորգի Չիչերինը հեռագրային հաղորդակցությամբ քննարկում էին Հայաստանի տարածքների ռուսական ռազմակալման և հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։
     Հայաստանը փորձում էր հասկանալ Ադրբեջանի խորհրդայնացումից (1920թ. ապրիլ) հետո ստեղծված նոր իրավիճակը և Ռուսաստանի հետագա գործողությունները։ ՀՀ վարչապետը աղաղակող փաստեր էր ներկայացնում ռուս-ադրբեջանական զինուժի կողմից բռնազավթված հայկական բնակավայրերում իրականացվող գազանությունների մասին՝ պահանջելով դադարեցնել ու դատապարտել դրանք։
     Իր հերթին Չիչերինը պահանջում էր, որ ՀՀ-ն ոչ միայն դադարեցնի ռուս-ադրբեջանական դաշնակից ուժերի դեմ ռազմական գործողություններն ու զորքերը դուրս բերի Կրեմլի կողմից վիճելի համարվող Արցախից, Սյունիքից ու Նախիջևանից, այլև՝ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական տարածքային խնդիրների լուծման իրավունքը վերապահի բացառապես Ռուսաստանին, ինչը ՀՀ-ի համար նշանակում էր Արևմուտքի հետ հարաբերությունների ամբողջական խզում և հրաժարում հայկական հարցի լուծման հայանպաստ տարբերակից, ինչն արդեն ուրվագծվել էր Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920, ապրիլ) և պետք է ստորագրվեր Սևրում։
     Ճնշումը մեծացնելով Երևանի նկատմամբ՝ Մոսկվան ձգտում էր հասնել նրան, որ Հայաստանն ամբողջությամբ հանձնվի իր ողորմածությանը և Կրեմլը ստանձնի իրավարարի բացառիկ դերը՝ հայկական հարցը լուծելով սեփական շահի ու պատկերացումների տեսանկյունից։ Մոսկվան նպատակ ուներ Սյունիքի ու Նախիջևանի վրայով, Երևանի համաձայնությունը կորզելու դեպքում՝ նաև հանրապետության հյուսիսային մասով (երկաթուղով), կապ հաստատել քեմալականների հետ՝ ոսկի, զորք, զենք ու զինամթերք առաքելով նրանց, ինչին դեմ էր Հայաստանի կառավարությունը, որը հստակ տեղեկություններ ուներ այն մասին, որ քեմալականները պատրաստվում են այդ զենքն ուղղել նաև ՀՀ-ի դեմ։
     Երբ Համո Օհանջանյանը Չիչերինին բողոքում է թուրքերին մատակարարվող սպառազինության և ՀՀ-ից բռնագրավված շրջաններում ռուս-ադրբեջանական զորքերի կողմից իրականացվող բռնությունների ու ջարդերի, ինչպես նաև մտահոգություն հայտնում թրքական հարձակման իրական վտանգի կապակցությամբ, Չիչերինը որերորդ անգամ պնդում է, թե իրենք տարածաշրջան են վերադարձել բացառապես խաղաղություն հաստատելու նպատակով և ամեն ինչ անելու են, որ հայերն ու ադրբեջանցիներն այսուհետ ապրեն խաղաղ ու համերաշխ, իսկ քեմալականները՝ ռուսական զենքը չօգտագործեն Հայաստանի դեմ։ Նա առաջարկում է նաև ռուսական զորքերի տեղակայում Հայաստանի մյուս շրջաններում՝ թուրքական վտանգը իսպառ բացառելու նպատակով։
     Հիմա հարց․ ինչպե՞ս կարող էր Հայաստանը հրաժարվել Սևրում ստորագրվելիք պայմանագրից և բախտն ու ճակատագիրը հանձնել հայոց պետականության նկատմամբ թշնամաբար տրամադրված ռուսական բռնապետությանը, վստահել Մոսկվային, երբ վերջինս մի կողմից զինում էր քեմալական Թուրքիային, մյուս կողմից՝ Արցախը, Սյունիքն ու Նախիջևանը համարում վիճելի, ավելին, դրանք ադրբեջանական զինուժի հետ գրավելուց հետո՝ ստեղծում ադրբեջանական հեղկոմներ, ձեռնամուխ լինելով բռնագրավումների, բնակավայրերի ավերման, աքսորի, գնդակահարությունների ու բազում այլ անմարդկային գործողությունների, երբ Մոսկվայի աջակցությունը վայելող Բաքուն հետևողականորեն իրականացնում էր էթնիկ զտումների լավ մշակված ծրագիրը։
     Ինչպե՞ս կարող էր Հայաստանը հրաժարվել Արևմուտքի հետ կապերից, երբ Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքն իրականացնում էր հայոց բանակի ու հայոց պետականության ոչնչացման քաղաքականություն։ Ի՞նչ երաշխիքներ կարող էր ունենալ ՀՀ կառավարությունը, որ Արևմուտքից հրաժարվելով ու ռուսական ողորմածությանը հանձնվելով՝ կպահպաներ այն տարածքը (շուրջ 70 հազար քառ կմ), որը Հայաստանն ուներ նախքան ռուսական ներխուժումը Արցախ, Սյունիք ու Նախիջևան։
     Ինչպե՞ս կարող էր Հայաստանն ու հայ ժողովուրդը հրաժարվել Սևրի պայմանագրից ու բաղձալի երազից, որն այդքան մոտ ու իրական էր թվում, և վստահել ու հուսալ վայրենի միջնորդի իրավարարությանը, երբ աչքի առջև ռուս-թաթարա-թրքական եռագլուխ հրեշը Արցախում, Զանգեզուրում ու Նախիջևանում գլխատում ու բնաջնջում էր հայ ազգի սերուցքը, իսկ Բաքվի, Շուշիի ու Գանձակի բանտերում խոշտանգվում էին հազարավոր գերիներ ու գերեվարված խաղաղ բնակիչներ»:

5374 | 3
Facebook