Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանում քննարկում են Ղարաբաղի ու հարակից շրջանների վերականգնման ծրագրերը». Վարդան Բալյան

16:24, ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանում քննարկում են Ղարաբաղի ու հարակից շրջանների վերականգնման ծրագրերը». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում քննարկում են Ղարաբաղի ու հարակից շրջանների վերականգնման ծրագրերը: Նախնական հաշվարկներով՝ անհրաժեշտ ներդրումների ծավալը գնահատվում է առնվազն 50 միլիարդ դոլար: Բոլոր փորձագետները միակարծիք են, որ առանց օտարերկրյա ներդրումների անհնար է լուծել խնդիրը՝ անգամ եթե նավթի և գազի ներկայիս բարձր գները պահպանվեն մեկ տասնամյակ: Հատկանշական է, որ անգամ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ հետպատերազմական մեկ տարվա ընթացքում տնտեսական վերականգնման ծրագրերում արտասահմանյան ներդրումները կազմել են զրո՝ ներդրումներ չկան: Ավելին, բոլորը միաբերան համաձայն են, որ դրանք կլինեն միայն, եթե հաջողվի գործարկել Զանգեզուրի միջանցքի ծրագիրը: Հատկանշական է, որ սկսել են բարձրաձայն քննարկել թեմայի հետ կապված մի քանի կարևոր հանգամանքներ: Զորօրինակ, փաստում են, որ տարիներ շարունակ կուտակված սոցիալական խնդիրներն իշխանությունները կապում էին Ղարաբաղի հետ, և հանրային կոնսենսուսը պատերազմի ժամանակ մեծապես պայմանավորված էր այդ իրողության հետ՝ մարդիկ պատրաստ էին ցանկացած զոհողության գնով վերջանականապես լուծել իրենց աղքատության ու անազատության մեջ պահող խնդիրը: Ու հիմա պարզվում է, որ հնարավոր է պատերազմը ոչ թե բանալի էր իրենց սոցիալական վիճակը ու կյանքի որակը բարելավելու, այլ ընդհակառակը՝ առաջիկա տասնամյակներին նոր ազատագրված տարածքներն ու Ղարաբաղը շարունակելու են մնալ իրենց վատ կյանքի աղբյուրը: Իհարկե, փաստում են, որ իշխանություններին դեռևս հաջողվում է Հայաստանին զիջումներ պարտադրելու միջոցով մարդկանց համոզել համբերել, բայց նույնիսկ այդ պարագայում, եթե չհաջողվի լուծել Զանգեզուրի միջանցքի և վերականգնման ծրագրերի համար անհրաժեշտ օտարերկրյա մասնավոր ներդրումների ներգրավման խնդիրը, ապա այդ համբերությունը շատ արագ կարող է սպառվել: Շարունակելի»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
2543 | 0
Facebook