Արա Այվազյանի խոսքը՝ Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը
Արա Այվազյանի բացման խոսքը Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը. «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Սիրելի՛ բարեկամներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման: Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը: Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցն Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը: Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ: Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում: Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: |