Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սեյեդ Ալի Խամենեիին և Հասան Ռոհանիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նովրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին հղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին Իրանի համար լինի բոլոր ոլորտներում ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի: Պատմական խոր արմատներ ունեցող մեր երկու բարեկամ ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունն առավել մեծ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո: Վստահ եմ, որ կկարողանանք առավելագույնս զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց»: Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Թող այս հինավուրց տոնը խաղաղություն և բարեկեցություն բերի բարեկամ Իրանին: Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները պարտավորեցնում են առավել մեծ ջանքեր գործադրելու երկկողմ ծրագրերի շուտափույթ իրագործման համար: Համոզված եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունները կօգտագործենք մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների շահերն առաջ մղելու համար: Ձերդ Գերազանցությանը մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: |