Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 92․8 հազար դեպք
Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.270 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 92,8 հազարը: Չինաստանում, COVID-19 կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, գրանցվել է հիվանդության 80270 դեպք, 2981 մարդ մահացել է, հայտնում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեն: Ընդհանուր առմամբ՝ 49 856 հիվանդի հաջողվել է ապաքինվել, իսկ ամբողջ երկրում կորոնավիրուսի կասկածանքով ստուգում է անցել 666 հազար մարդ: Փորձագետներն ամենաքիչ խոցելի են համարում 2019-nCoV վարակվելու հավանականությունը երեխաների և դեռահասների մոտ։ Համաշխարհային բանկը շտապ օգնության տեսքով 12 միլիարդ դոլար կհատկացնի 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարին: Գումարները կուղղվեն առողջապահական համակարգերի ամրապնդմանը, առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավմանը և զարգացող երկրներում վերահսկողության ամրապնդմանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամեն ամիս պահանջվում է 89 միլիոն բժշկական դիմակ, 76 միլիոն ձեռնոց և 1,6 միլիոն ակնոց: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի չորրորդ եռամսյակի համար 100 հազար դոլար կազմող իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ստեֆանի Գրիշամը: Գործակալության տվյալներով՝ մինչև երեքշաբթի Վաշինգթոնում հայտնաբերվել է կորոնավիրուսի ախտանիշներով 27 հիվանդ: |