Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բալային համակարգը խստացում չենք կարող համարել». Արմեն Խաչատրյան

00:20, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Բալային համակարգը խստացում չենք կարող համարել». Արմեն Խաչատրյան

«Բալային համակարգի ներդրումով որակական նոր մակարդակի վրա կդնենք ընդհանրապես այս ոլորտում իրականացվող վարչարարությունը և սա արդեն պահանջված վարչարարություն էր, և այս օրենսդրական փաթեթը մշակելը և գործողության մեջ դնելն արդեն դարձել էր օրվա պահանջ»,- Factor TV-ի եթերում ասել է

Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը` հավելելով, որ 2012-ին երբ գործի դրվեցին տեսահսկման համակարգեր, ավտոմատիզացվեց այդ վարչարարության մեծ մասը մարդկային գործոնը նվազագույնի հասցվեց, նոր խնդիրներ ի հայտ եկան, և պրակտիկան ցույց տվեց, որ արդեն հին վարչական օրենսդրության նորմերով հնարավոր չէ արդյունավետ այս ոլորտը վերահսկել և պայքար տանել ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ։

«Ունեինք իրավիճակ, որ կան մի խումբ վարորդներ, որոնք, անգամ, այս տեխնիկական հսկողության պայմաններում թույլ էին տալիս բազմաթիվ խախտումներ, վարորդներ կան, որ 2-3 տարվա մեջ թույլ են տվել 4000-5000 խախտում»,-ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ շատ վարորդներ տուգանքները չէին վճարում, որովհետև գույք չունեն, որևէ նյութական արժեք չունեն, ֆինանսական միջոցներ չունեն և հարկադիր կատարողական վարույթներն արդյունքի չէին հասնում։

Վարորդների մեկ այլ խումբ էլ, պատգամավորի խոսքով, վճարում էր բոլոր տուգանքները, սակայն այդ վճարելը նրա համար հոգ չէր, և նա կարող է օրվա մեջ բազմաթիվ խախտումներ անել և այդ 5000-10․000 դրամը վճարել և շարունակել նույնիսկ դիտավորությամբ խախտումներ անել։

«Ահա այս պայմաններում ստացվում է, որ միայն տուգանքի կիրառումը որպես վարչական տույժի միջոց էֆեկտիվ չէ, դա չի զսպում մի խումբ վարորդներին իրավախախտումներ թույլ չտալ։ Եվ երբ ուսումնասիրվեց միջազգային փորձը, պարզվեց, որ ներկայումս զարգացած պետություններում այս խնդիրն ունեցել են դեռևս տասնամյակներ առաջ և կիրառել են տուգանային միավորների համակարգերը։ Եվ ուսումնասիրելով, միանշանակ տեղայնացնելով և մի շարք մշակման աշխատանքներ կատարելուց հետո ի հայտ եկավ այս փաթեթը, որը մտավ Ազգային ժողով և ընդունվեց»,- նշել է նա:

Պատգամավորը նշել է, որ այս համակարգը խստացում չէ. «Մինչև դեկտեմբերի 31-ը մենք ունեինք տուգանքներ 500․000 դրամի հավասար, ունենք 50․000, 100․000, 200․000 դրամի չափի հավասար տուգանք, այս ռեֆորմներից հետո տուգանքի առավելագույն չափը 29․000 դրամ է։ Սա միանշանակ խստացում չենք կարող համարել, սա սոցիալական բեռի թեթևացում է։ Այսինքն՝ օրենսդիրը, գործադիրը հաշվի է առել, որ 500․000 դրամը բավականին մեծ գումար է և հավասար է քրեական պատժին և նվազեցրել ու սահմանել է, որ 30․000 դրամից ավել չի կարող վարչական տուգանք լինել երթևեկության կանոնների խախտման դեպքում։ Սակայն սրա հետ բալանսավորված կիրառվում է տուգանային միավորը, որը հավասարակշռում է այդ բարձր տուգանքների չափերը և տուգանային միավորների կիրառումով արդեն քաղաքացին, որը որ կփորձի դիտավորությամբ խախտումներ անել և շարունակել իր նախկին արատավոր պրակտիկան, արդեն վտանգի տակ է դնում իր վարելու իրավունքը»,- ընդգծել է Խաչատրյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«Բալային համակարգը խստացում չենք կարող համարել». Արմեն Խաչատրյան
7012 | 0
Facebook