Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Համաճարակը հասավ Վանեցյանին». Լևոն Բարսեղյան

11:45, հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.
«Համաճարակը հասավ Վանեցյանին». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակը հասավ Վանեցյանին. պարոն Վանեցյանը կարճ պատասխանելով հարցին, թե արդյոք Սորոսի հիմնադրամի գործունեությունը վտանգներ պարունակում է Հայաստանի համար, ասել է` «Այոʹ»:

Եթե հաշվի առնենք, որ այս նախկին պաշտոնյան չէր կարողանում ապահովել իր հեռախոսազրույցների գաղտնիությունը, կամ էլ շատ չէր ուզում ապահովել այդ գաղտնիությունը, կարող ենք հասկանալ, թե ինչ որակ ունեն իր դատողությունները:

Այդուհանդերձ, նա երկար ժամանակ եղել է ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա, և մեկ տարուց ավելի եղել է երկրի ԱԱԾ տնօրեն: Այդ ամբողջ ընթացքում, տեսնելով Թուրքիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Ադրբեջանում այս հիմնադրամի դեմ ծավալած իշխանությունների կռիվներն ու պատերազմները, հավանաբար, ինքն էլ պիտի ջանքեր ներդրած լիներ իր իմացած վտանգները չեզոքացնելու ուղղությամբ: Կարող ենք պատկերացնել` բանկային հաշիվների հսկում, գաղտնալսումներ, դոսյեների պատրաստում, մանր-մունր տեղեկատվական և նյութական դիվերսիաներ... և չի հաջողել փակել տալ հիմնադրամը և, մանավանդ, դրա հետ համագործակցող ավելի քան 2000 կազմակերպությունները: Հետո, երևի, իմացել է, որ այդ հիմնադրամն օժանդակել է ոչ միայն «հայրենիք չունեցող», «լրտեսական», «ապազգային» հասարակական կազմակերպություններին և անհատներին, այլև Հայ առաքելական եկեղեցուն, Մատենադարանին, համալսարաններին, ուսանողներին, պետական հաստատություններին, մի տեսակ խառնվել է իրար, խճճվել է, կամ էլ էն միջոցին, երբ բոլոր գաղտնալսումներն ու զանազան հանցավոր գործարքների ապացույցները ձեռին ուզեցել է փակել տալ հիմնադրամը և գործընկեր կազմակերպություններին ու ցմահ կոխել մինչև Արթիկի գաղութ, վերից ասել են` լավ ես դե, ապեր, թող պետական ապարատով կթում ենք, հանգիստ պահի քեզ ...

Այլապես դժվար է հասկանալ այդ հիմնադրամի վտանգավորության իր համոզմունքի և այդ ուղղությամբ իր անգործության հակադրությունը: Հիմա էլ ուշ չէ, տեսնես` ինչի՞ է սպասում: ԱԱԾ-ում, այսինքն՝ հայկական ԿԳԲ-ում, որովհետև առանց լյուստրացիա չի կարող լինել ազգային անվտանգություն և ԱԱԾ, գրեթե բոլորն իր նախկին գործընկերներն են ու ռոբասերժական կադրերը, ինչո՞ւ է վարանում, ինչո՞ւ չի դիմում վտանգների մասին իր ունեցած տեղեկություններով ու ապացույցներով, որ ողջամտորեն հավաքած պիտի լիներ տարիներ շարունակ: Երևի սպասում է, որ լրագրողները հարցեր տան՝ ինքը կպատասխանի, էլի հարցեր կտան, էլի կպատասխանի և այդպես մինչև երկիրը քանդեն պրծնեն, իրեն էլ սելավը տանի, խայտառակ լինենք: Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչո՞ւ չի միանում մալյարի ու բազազի կլոունադային, ինչո՞ւ ելույթի խոսք չի վերցնում: Իսկ թե այլ պատճառ կա այս «անկեղծացման» նոպայի, ու դա կոյուղի ԶԼՄ-ներին տենդագին հետևելն է, պիտի կարդա Գեբելսի կապիկների տեսությունը, որով զինված, ԱԱԾ սպային հեշտությամբ կարելի է դարձնել պրոպագանդայի զոհ:

Կամ պատճառն անհամեմատ հասարակ է, քան այն ենթադրությունները, որ արեցի վերը. մարդն անհանգիստ փնտրտուքի մեջ է, թե ինչպես բացատրի իր պաշտոնանկությունը, ի՞նչ ասի, որ և՛ Նիկոլին վնասի պաշտոնանկման համար, և՛ լինի արդարացման թրենդի մեջ, որ գոնե նրանք, ովքեր նույնպես տանել չեն կարող Նիկոլին, լուրջ ընդունեն Սորոսի հիմնադրամի միջոցով իր հանդեպ իբր տարված հալածանքը, որի արդյունքում, Նիկոլը դրել խեղճ մարդուն գործից հանել է: Այսինքն` ուզում է ասել, թե, եթե Սորոսը և իր հիմնադրամը չլինեին, Նիկոլն իրեն չէր պաշտոնանկելու, մնալու էր ծառայելու հայրենիքին ու վտանգները շարունակելու էր չեզոքացնել հավիտյանս հավիտենից: Այդպիսով, ինքն ապացույց տվեց ամենքին, որ համաճարակն հասավ իրեն: Աղոթենք ջերմեռանդորեն, բարեկամներ: Գալ տարին՝ սպասենք Վանեցյանին Սորոսի գրասենյակի դիմաց՝ բազազին՝ ուս ուսի, մի պլակատ ձեռին, վրան գիր. «Աստված իմ, մոլորված եմ, ի՞նչ է լինելու ...»:

Բայց կա նաև վարկած, որ կգա ժամանակ, և կասի, որ հարցին «Այոʹ», պատասխանելիս, մի քիչ լավ չի հասկացվել, ինքը նկատի էր ունեցել, որ ամեն ինչն էլ ամեն ինչին վնաս է, ընդհանուր առմամբ, չարժե լուն ուղտ դարձնել և գույքագրել ամեն անհեթեթություն»:

| | |
5303 | 0
Facebook