«Մենք պարտավոր ենք ունենալ նոր և հավակնոտ ծրագրեր: Վերջին անգամ ՀՀ-ում նոր բնակավայր կառուցվել է 40-50 տարի առաջ: Մենք պետք է խնդիր դնենք ՀՀ տարածքում կառուցել նոր՝ 200-300 հազարանոց, կանաչ քաղաքի բովանդակություն ունեցող քաղաք, որտեղ շենքերն ու շինությունները կլինեն գերժամանակակից ենթակառուցվածքներով, դպրոցներով, նորարարական գիտական մշակութային կենտրոններով». նոյեմբերի 15-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նա հավակնոտ ծրագրերի շարքում թվարկեց նոր ատոմակայանի, նոր ջրամբարների, Երևանում նոր բնակելի շենքերի կառուցումը:
«Այս ամենը հնարավոր չի լինի, եթե մենք չներգրավենք ֆինանսնական նոր միջոցներ կամ ավելացնենք արտաքին պարտքը»,- հայտարարեց պատգամավորը:
Նա նշեց, որ ներկայիս կառավարությունը, ի տարբերություն նախորդի, որի ժամանակ արտաքին պարտքի միջոցները «գնացել են պաշտոնյաների գրպանները», այնքան լեգիտիմություն ունի, որ կարող է իր առջև նման խնդիրներ դնել: