Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի երկու համերգային երեկո: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված երեկո, որը կրում է «Այստեղ Հայաստանն է» խորագիրը: Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախումբն ու մենակատարներ: Կհնչեն սիրված ամիրխանյանական մեղեդիներ, ինչպես օրինակ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ գործեր: Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար կհնչեն առաջին անգամ: Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» խորագրով երեկո, որին բացի կոմպոզիտորից հանդես կգա նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա): Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Էդուարդ Միրզոյանի դասարանը: |