Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեք տասնամյակ՝ նկուղում. ՎիվաՍել-ՄՏՍ

12:40, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Երեք տասնամյակ՝ նկուղում. ՎիվաՍել-ՄՏՍ

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է խոնավ ու սառը նկուղում:
     Բարեկեցիկ կյանքով ապրելու նրանց որոշումը ձախողվել է 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել է դժվար, իսկ հետո՝ անհնար: Սուքիասյանների որդին՝ Արմանը, երեք տասնամյակ անցել է դժվարությունների միջով. պատանեկության տարիներին՝ քույրերի ու ծնողների, իսկ ընտանիք կազմելուց հետո՝ կնոջ ու զավակների հետ: Նա փորձել է քայլեր ձեռնարկել, սակայն ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, այդպես էլ չի հաջողել. կիսակառույցի պատերը մնացել են հին՝ քայքայված ծածկի տակ: Տեղանքին հատուկ՝ անձրևառատ ու խոնավ կլիմայի պատճառով, եղածն էլ է սկսել քարուքանդ լինել: Իսկ նկուղում ապրելը դարձել է վտանգավոր՝ ամբողջովին բորբոսի մեջ կորած պատերի պատճառով:


     Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերների աջակցությամբ, արդեն լուծվել է հին ու
     կաթացող տանիքի խնդիրը: Տեղատարափ անձրևներն այլևս սպառնալիք չեն ընտանիքի համար:

     «Եթե փորձեի միայնակ լուծել խնդիրը՝ չէի կարողանա: Իսկ աջակցության շնորհիվ, ամբողջ տանիքը փոխել ենք ընդամենը 4 օրվա ընթացքում: Ուրախ եմ, որ երեխաներս ծածկի տակ են: Հիմա գուցե զգամ, որ նորմալ կյանքով ապրում եմ»,-ասել է Արմանը:
     «Տունը երկրաշարժից հետո ահավոր վիճակում էր: Հայթայթած գումարը մի կերպ հավաքելով՝ փորձել ենք քարը քարին դնել: Մի ամբողջ կյանք՝ 30 տարի, երեխաներիս, իսկ հետո` նաև թոռներիս հետ, հուսահատված ապրել ենք խոնավ նկուղում: Այժմ ամեն ինչ փոխվել է. նոր հույսով ու երազանքով ենք ապրում: Այստեղից թոռներիս ուրախ տրամադրությամբ եմ բանակ ճանապարհելու»,-ասել է Արմանի մայրը՝ Գյուլփեր Սուքիասյանը:
     Սուքիասյաններին հաջողվել է ընդլայնել ծրագրի շրջանակներում ակնկալվող աջակցության ծավալը: Դրա շնորհիվ, կանխվել է նաև կիսամութ ու բորբոսով պատված սենյակներում երեխաների առողջությունը քայքայելու իրական վտանգը:

     «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունն ի սկզբանե շեշտադրություն ուներ աջակցել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին, սակայն չպետք է անտեսենք նաև աղետի գոտու և այլ անապահով ընտանիքների բնակարանաշինության խնդրի մասին: Այս ընտանիքի համար առաջնային անհրաժեշտության խնդիր էր տանիքի վերանորոգումը, սակայն, մեր ներդրմամբ կարողացել ենք լուծել նաև ներքին հարդարման խնդիրը»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
     ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շնորհիվ, հանրապետության տարբեր մարզերում, այս օրերին ընթանում են շինարարական ինտենսիվ աշխատանքներ:

6015 | 0
Facebook