Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Հասցրե՞լ եք տեղեկանալ». Երվանդ Վարոսյան

16:55, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Հասցրե՞լ եք տեղեկանալ». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար, հարգելի պարոն Ռուստամ Բադասյան, շուրջ երեք ամիս է, ինչ զբաղեցնում եք նախարարի պաշտոնն, ու կարծում եմ, որ արդեն ոլորտին տիրապետում եք այնքան, որ շատ վաղուց հասունացած, սակայն մշտապես անպատասխան մնացած հարցերի պատասխանները կարողանանք ակնկալել Ձեզանից։

Պարոն Բադասյան, արդյոք պաշտոնավարման ընթացքում հասցրե՞լ եք տեղեկանալ, որ ՀՀ Փաստաբանների պալատին` իբր Հանրային պաշտպանի գրասենյակի համար, Հայաստանի պետական բյուջեից հատկացվող գումարներից ամսական առնվազն 4 միլիոն դրամը ծախսվում է ոչ թե ՀՊԳ կարիքների համար, այլ ոչ նպատակային` ուղղվում է պալատի անիմաստ ուռճացված աշխատակազմի աշխատավարձերը վճարելուն։ Սա էլ այն դեպքում, երբ վերջին տարիների ընթացքում փաստաբանների, բնականաբար, նաև վճարվող անդամավճարների թիվը կրկնապատիկից ավելացել է։
     ՀՊԳ ծախսերի ֆինանսական փոխհատուցման հայտերը հաստատում են հենց Ձեր ղեկավարած կառույցն ու փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։ Նշված գումարի նպատակային ծախսի պարագայում, առանց պետական բյուջեի համար հավելյալ բեռի հնարավոր է ապահովել հանրային պաշտպանի առնվազն 10 նոր հաստիք։ Իսկ հարցի կարևորությանն ու հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությանը, հավանաբար, գիտակցում եք (թեև խոսքը չի գնում անվճար իրավաբանական օգնության շրջանակում ՀՊԳ-ից Ձեզ հրամցվող գործերի քանակի մասին, երբ արհեստականորեն մեկ գործը կարող է ներկայացվել իբրև տասը առանձին գործեր):

Հասցրե՞լ եք արդյոք տեղեկանալ, որ հանրային պաշտպանների կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք բերված ու սպասարկվող 3 ավտոմեքենաներից մեկի վրա տեղադրվել է 077 UU 11 համարանիշը (Արա Զոհրաբյանի անձնական մեքենայի համարանիշն է 11 077) և այն որպես իր ծառայողական ավտոմեքենա օգտագործում է ՓՊ նախագահը։ Տեղյա՞կ եք արդյոք, որ այդ ավտոմեքենաների սպասարկման համար պետական բյուջեից փոխանցվող գումարները չեն համապատասխանում այդ մեքենաների փաստացի սպասարկման համար անհրաժեշտ գումարներին։ Տեղյա՞կ եք արդյոք, որ այդ ավտոմեքենաներից հանրային պաշտպանների օգտվելը խիստ ձևական բնույթ ունի, շատերը ամիսներով հնարավորություն չունեն դրանցից օգտվելու։ Արդյոք վաղուց չի անցել ժամանակը, որ այդ «ավտոպարկի» փոխարեն, դրա վրա ծախսվող գումարները համամասնորեն բաշխվեն հանրային պաշտպանների միջև որպես տրանսպորտային ծախսի փոխհատուցում։
     Այս մասով ևս ֆինանսական հայտերը հաստատում է Ձեր ղեկավարած կառույցն ու դրանք փոխանցում ՀՀ ֆինանսների նախարարություն։
     Ի դեպ, այս և այլ բազմաթիվ հարցերի հետ կապված ստուգումներ իրականացնելու պահանջով մեկ տարուց ավելի առաջ շուրջ 30 փաստաբաններ դիմել էին Պետական վերահսկողական ծառայություն, որը, սակայն, դիմումը, միայն Դ.Սանադարյանին հայտնի տրամաբանությամբ վերահասցեագրել էր Ձեր ղեկավարած նախարարություն։

Պարոն Բադասյան, արդեն երեք ամիս է, ինչ Ձեր առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիսանում է «Փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ։
     Կարծում եմ, որ այս ժամանակահատվածը բավարար էր իրավիճակին տիրապետելու, ու հետևյալ հարցերին հրապարակավ պատասխանելու համար.

1. Որո՞նք են հիմնադրամ ուսման նպատակով ընդունվող ունկնդիրների քանակը որոշելու հիմքերը, արդյոք կատարվում են ուսումնասիրություններ պարզելու համար.
     ա. նախորդ տարիներին սովորած ունկնդիրներն արդյոք ապահովված են աշխատանքով, թե՝ ոչ,
     բ. իրավաբանական ծառայությունների մատուցման շուկան քանի՞ նոր փաստաբանի կարիք ունի:
     գ. արդյոք այս ամենի հիմքում դրված չէ դպրոցի տնօրենի (իմ ունեցած տեղեկություններով ամսեկան շուրջ 700 հազար դրամ) և աշխատակազմի աշխատավարձերի վճարման համար անհրաժեշտ գումարի պարզ մաթեմատիկական հանրագումարն ապահովելու ցանկությունը։
     2. Ի՞նչ չափորոշիչներով է որոշվում դպրոցի ունկնդիրների կողմից որպես ուսման վճար սահմանված գումարը (600.000 ՀՀ դրամ):
     3. Արդյոք արդարացվա՞ծ եք համարում դպրոցի աշխատակազմի քանակը, արդյոք չունե՞ք տեղեկություններ այն մասին, որ դպրոցի աշխատակիցների մի մասը միաժամանակ զբաղվում է նաև իրավաբանական ծառայությունների մատուցմամբ (այդ թվում նաև տնօրենը):
     4. Արդյոք հիմնավո՞ր եք համարում այն, թե դպրոցին անհրաժեշտ է ծառայողական ավտոմեքենա (նաև վարորդի հաստիք), և անհրաժեշտ է դպրոցի ունկնդիրների վճարած վարձավճարներից գոյացած գումարներով ձեռք բերել ավտոմեքենա ու վճարել վարորդի աշխատավարձը: Ունե՞ք արդյոք տեղեկություններ այն մասին, որ այդ ավտոմեքենան օգտագործվում է տնօրենի կողմից իբրև ծառայողական ավտոմեքենա։
     5. Ի՞նչ չափորոշիչներով է իրականացվում դպրոցում դասավանդող դասախոսների ընտրությունը և կոնկրետ ում կողմից։ Արդյոք Ձեր տեղակալը քննարկումներ ունեցե՞լ է դպրոցի ունկնդիրների հետ ուսման պրոցեսի հետ կապված նրանց դիտողություններն ունկնդրելու համար, ինչ հետևությունների է եկել ու ինչ քայլեր է ձեռնարկել նրանց դիտողությունների արդյունքում փոփոխություններ կատարելու համար։
     6. Համարո՞ւմ եք արդյոք, որ դպրոցը բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ունկնդիրներին տալիս է լրացուցիչ գիտելիք կամ ապագա աշխատանքում անհրաժեշտ հմտություններ, թե ոչ։
     7. Արդյոք որակյա՞լ է համարում Ձեր տեղակալը դպրոցի կողմից փաստաբանների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների մակարդակը, այդ ուղղությամբ ինչ անելիք եք տեսնում, ինչ ժամկետներում։

Կանխավ շնորհակալ եմ»:

| | |
2332 | 0
Facebook
COMMENT.am