Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլեր ԱԺ-ն դեռ չի կատարել

11:15, չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ.
Ծառուկյանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլեր ԱԺ-ն դեռ չի կատարել

Հունիսի 20-ին լրագրողական 9 կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով, որ Գագիկ Ծառուկյանը ներողություն խնդրի լրագրողներից:

Բացի այդ, կազմակերպություններն ԱԺ ղեկավարությունից պահանջել էին խորհրդարանում քննարկման առարկա դարձնել Գագիկ Ծառուկյանի վարքագիծը և գնահատական տալ դրան։

Փորձեցինք պարզել, թե խորհրդարանը որևէ քայլ ձեռնարկե՞լ է այդ հարցի կապակցությամբ: MAMUL.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանն ասաց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրասենյակից իրեն փոխանցել են, որ կոնկրետ քայլ դեռ չի արվել, սակայն խնդրո առարկա հարցի վերաբերյալ քննարկումներ կան:

MAMUL.am-ը զրուցեց նաև «Խոսքի ազատության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ․«Այս խորհրդարանում լրագրողական անցյալով բավականին շատ պատգամավորներ կան, ովքեր կարող են սատարել իրենց գործընկերներին: Այդ առումով ես զրույցներ եմ ունեցել որոշ պատգամավորների հետ, ինձ հետաքրքրում էին նրանց քայլերը: Բայց, նախքան այդ քայլերը, շատ կարևոր է, որ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը հասկանա, որ լրագրողների հետ այդպես շփվել չի կարելի: Առհասարակ, եթե մարդը չի կարողանում շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ուրեմն խորհրդարանը նրա տեղը չէ: Նա պետք է վերանայի իր վարվելակերպը, իր գործելաոճը լրագրողների հետ հարաբերվելիս: Սա պատեհ առիթ է, որ ներողություն խնդրի այն լրագրողներից, ում վիրավորել է և հավաստիացում տա, որ առաջիկայում նման միջադեպեր չեն կրկնվի»:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողի հարցին, թե մտավախություն չունի՞, որ Քննչական կոմիտեն իր՝ հարցաքննության չներկայանալու և օրենքին չենթարկվելու դեպքում կարող է բերման ենթարկել, ասել էր. «․․․ դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի, դու մի հատ հասկացի՝ ինչ ես ասում, նոր, չի կարելի էդքան դատարկ խոսել․․․ Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի․․․ Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը: Լուրջ գործով զբաղվեք, ինչքան լրատվական կա, սաղին հանձնարարական տված ուղարկել են»:

5420 | 0
Facebook