Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում քննարկում են «Մեծամորի ատոմակայանի վտանգավորությունը»

01:05, երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
Թուրքիայում քննարկում են «Մեծամորի ատոմակայանի վտանգավորությունը»

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով: Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով Haberler.com-ին:

Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում:

Թուրքական կողմը բազմիցս հայտարարություններ է անում Մեծամորի ատոմակայանի անվտանգության ոչ բավարար մակարդակի մասին: Կոչերով ու գիտաժողովներով չսահմանափակվելով՝ թուրքերը այս թեմայով ծրագրել են անգամ դաշտային վարժանք կազմակերպել:

2019-ի հունիսն ծրագրվող վարժանքը կազմակերպվելու է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության կողմից: Վարժանքի ժամանակ խաղարկվելու է Մեծամորի ատոմակայանի վթարի սցենարը:

Նշենք, որ Թուրքիան պարբերաբար տեղեկություն է տարածում հայկական ատոմակայանի վտանգավորության մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը:

Մեծամորի ատոմակայանը գտնվում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության տակ և մինչ օրս ոչ մի միջազգային կազմակերպություն հարց չի բարձրացրել, թե այն սպառնալիք է տարածաշրջանի համար:

| | |
2307 | 0
Facebook
COMMENT.am