Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ալիևի դիրքորոշումը կառուցողական է, փոխանցում է РИА Новости-ն:
«Երեկ մենք երկարատև զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ: Մենք զգացինք բանակցությունները վերսկսելու և կառուցողական լուծումներ փնտրելու նրա անկեղծ տրամադրվածությունը»,- ասել է նա ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:
«Ռուսաստանը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ՝ փոխզիջման հասնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելու ուղղությամբ»,- հավելել է Լավրովը:
Հիշեցնենք, որ երեկ Ալիևը հայտարարել էր, որ այժմ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: