ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հույս է հայտնել, որ Թուրքիան դուրս չի գա ՆԱՏՕ-ի կազմից և կմնա ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը: Այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Թոնի Կացի հետ զրույցում, փոխանցում է Ahvalnews-ը:
«Կարծում եմ՝ ոչ: Դա ցավալի կլինի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի համար, և առավել ցավալի թուրք ժողովրդի համար, եթե դա տեղի ունենա»,- ասել է Փոմփեոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այժմ հարցականի տակ է Թուրքիայի ապագան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները ծանր շրջան են ապրում, սակայն կան ոլորտներ, որոնցում երկու երկրները հաջողության են հասել:
«Հուսով ենք՝ Թուրքիան և նախագահ Էրդողանը կհասկանան, որ ԱՄՆ-ն իրենց լավագույն գործընկերն է, քան Իրանը, և որ ուղղությունը, որով պետք է շարժվի նախագահ Էրդողանը, Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի հետ սերտ փոխգործակցությունն է»,- ասել է Փոմփեոն: