Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի ընկերությունը քաղաքապետարանից ստացել է ավելի քան 1,5 մլն դոլար տենդերներ

17:05, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի ընկերությունը քաղաքապետարանից ստացել է ավելի քան 1,5 մլն դոլար տենդերներ

Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի»-ի կին անդամին հրելով դուրս հանող փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի համբավն այդ դեպքից հետո կտրուկ աճեց՝ միաժամանակ մեծացնելով այդ անձի նկատմամբ հանրության հետաքրքրությունը:

Շատերին այս պաշտոնյան հայտնի է նրանով, որ ժամանակին ղեկավարել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, սերտ կապեր ունի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:

Հայտնի է նաև, որ Դավիթ Օհանյանը 2009-ից հիմադրել է «Կանաչապատ Մալաթիա» ընկերությունը, որը, որպես «ժառանգություն» անցել է նրա որդու՝ Էդմոն Օհանյանի ղեկավարությանը: Ի դեպ, Երևանի փոխքաղաքապետի որդին «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ի միակ՝ 100%-ի բաժնետերն է: Ամեն տարի քաղաքապետարանն իր բյուջեից հսկայական գումարներ է հատկացնում Երևանի կանաչապատման, կանաչ տարածքների խնամքի ու պահպանման համար: Նշենք, որ հատկացումների ամենամեծ «պատառներից» մեկը, քաղաքապետարանի հետ ինչ-ինչ համաձայնությամբ, ամեն տարի բաժին է հասնում «Կանաչապատ Մալաթիա»-ին, կամ, ավելի կոնկրետ, Դավիթ Օհանյանի մերձավորներին, որոնք զբաղված են Մալաթիա-Սեբաստիա համայնքը կանաչապատելով և պահպանելով:

Օրինակ, եթե վերցնենք միայն 2016թ. հատկացումներն, այդ աշխատանքների համար Էդմոնդ Օհանյանի ընկերության հետ կնքված պայմանագրի գինը կազմում է 202 մլն 500 հազար դրամ, Կենտրոն վարչական շրջանի կանաչապատ տարածքների խնամքի և պահպանման աշխատանքների արժեքը՝ 300 մլն դրամ, Էրեբունիինը՝ մոտ 110 մլն, Նոր Նորքինը՝ 150 մլն դրամ, Դավթաշենինը՝ 73 մլն 450 հազար, Քանաքեռ–Զեյթունինը՝ 97 մլն դրամ, Նուբարաշենինը՝ մոտ 19 մլն դրամ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ փոխքաղաքապետի որդու ղեկավարած ընկերությանը միայն կանաչապատ տարածքների պահպանման համար քաղաքապետարանի բյուջեից (ընդհանուր առմամբ՝ 2014, 2015, 2016 և 2017 թվականներին) տրամադրվել է 790 մլն դրամ կամ մոտ 1.5 մլն դոլար:

Էդմոնդ Օհանյանի ընկերությանը հսկայական գումարներ են հատկացվում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարվող աղբահանության վճարումների հաշվառման ու ընդունման աշխատանքների հետ կապված:

Հարկ է նշել, որ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն իր պաշտոնավարման տարիներին բավականին մեծ եկամուտ է ապահովել: 2017-ին հայտարարագրերի ռեեստրում ներկայացրել է իր ունեցվածքը:

Այսպես, 2017-ի սկզբում Օհանյանն ունեցել է 19 մլն դրամ, 18 500 դոլար, 11 000 եվրո: Հարկային տարվա ավարտին դրամական միջոցները նվազել են՝ 18 մլն 730 000 դրամ, 18 250 դոլար, 10 000 եվրո:

Տարվա ընթացքում Դավիթ Օհանյանը ստացել է 4 մլն 307 258 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձի տեսքով:

2016-ի տարեկան հայտարարագրում Օհանյանը գրանցել է 19 մլն դրամ, 18 500 դոլար և 11 000 եվրո:

Եկամուտները՝ 4 մլն 284 700 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:

2015-ի հայտարարագրում Դավիթ Օհանյանը գրանցել է հետևյալ դրամական միջոցները՝ 29 մլն 200 000 դրամ, 20 000 դոլար, 13 000 եվրո: Եկամուտները՝ 4 մլն 288 186 դրամ:

Դավիթ Օհանյանի որդին՝ Էդմոնդ Օհանյանը, 2016-ին ստացել է 8 մլն 615 400 դրամի նվիրատվություն՝ բնամթերքի տեսքով: Դրանից բացի՝ ունեցել է նաև 15 մլն 720 000 դրամ եկամուտ, որից՝ 5 մլն 100 000 դրամ՝ շահաբաժին, 4 մլն 620 000 դրամ՝ վարձակալության դիմաց ստացված եկամուտ, 6 մլն դրամ՝ նվիրատվություն: Էդմոնդ Օհանյանը 2015-ին նույնպես բնամթերքի տեսքով նվիրատվություն է ստացել՝ 9 մլն 605 000 դրամ՝ նվիրատվություն՝ բնամթերքի տեսքով 1 մլն 500 000 դրամ՝ շահաբաժին: 2014 թ-ին Էդմոնդ Օհանյանը հայտարարագրել է 9 մլն 500 000 դրամ արժողությամբ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I ավտոմեքենա: Եկիամուտ՝ 12 մլն դրամ, որից 2 մլն 500 000 դրամ՝ շահաբաժին, 9 մլն 500 000 դրամ՝ նվիրատվություն:

Նշենք, որ հայտարարագրում եկամուտներ են գրանցել նաև փոխքաղաքապետի մայրն ու կրտսեր որդին:

Դավիթ Օհանյանը հայտնի է նաև պետական գույքն անձնական նպատակների համար ծառայեցնելու օրինակներով:

Հիշեցնենք, որ 2017-ին սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Մասիսի բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված էր Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում էր Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետն ավտոմեքենայում չէր եղել։

Այս տեղեկության վերաբերյալ armtimes.com-ը զրուցել էր փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի հետ: Հարցին, թե իր ծառայողական մեքենան արդյո՞ք վթարի է ենթարկվել, տեղեկությունները ճիշտ են, Օհանյանն ասել էր. «Լսել եմ, բայց մանրամասները չգիտեմ»: Հաջորդ հարցին, թե ի՞նչ նպատակով էր ծառայողական մեքենան ոչ աշխատանքային օրով ուղևորվել Մասիս, Օհանյանն ասել էր. «Դե հիմա... վարորդն ընտանիքով տեղ էր գնացել»:

Դիտարկմանը, թե ծառայողական մեքենան քաղաքապետարանի աշխատակազմն օգտագործում է անձնական նպատակների համա՞ր, փոխքաղաքապետն առանց որևէ մի բան ասելու ընդհատել էր հեռախոսազանգը:

| | |
7675 | 1