ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ որոշում էր: Այս մասին այսօր Ազգային խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
Նրա խոսքով՝ Ղրղզստանը մեծ հույսով էր միանում ԵՏՄ-ին:
«Իհարկե, մենք պետք է մնանք ԵՏՄ-ում: Ես ամեն օր կարդում եմ ռուսական և ղազախական մամուլն այն մասին, որ Աթամբաևը ցանկանում է պառակտել ԵՏՄ-ն: Դա անհեթեթություն է: Մենք չենք պատրաստվում դուրս գալ միությունից: Սակայն իրականությունն այն է, որ Ղրղզստանն արդեն մեկ ամիս է՝ առանձնացել է ԵՏՄ-ից Ղազախստանի ղեկավարության քմահաճույքների պատճառով: Մեզ պարզապես առանձնացրել են ԵՏՄ-ից: Եվ դա չեն տեսնում միայն հիմարները և նրանք, ովքեր պատվիրված հոդվածներ են գրում»,- ասել է Աթամբաևը:
Ըստ Աթամբաևի՝
Ղրղզստանի «շրջափակումը» տեղի ունեցավ այն պատճառով, որ Ղրղզստանի նախագահը պահանջեց հարգել օրենքներն ու չմիջամտել հանրապետության ներքին գործերին:
«Պետք չէ մեզ պարտադրել ձեր կանոնները, միջամտել ներքին գործերին: Եվ, ցավոք, խոսելով ապագայի մասին պետք է ասեմ, որ երկու երկրների միջև հարաբերությունները կկարգավորվեն ոչ թե ընդունված և ստորագրված համաձայնագրերով, այլ որոշ նախագահների քմահաճույքներով, կկարողանա՞ ԵՏՄ-ն քաղաքակիրթ տնտեսական միություն դառնալ»,- ասել է Աթամբաևը: