Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Johnson & Johnson-ի արտադրանքի օգտագործումից քաղցկեղով հիվանդացած կինը 110 մլն դոլար փոխհատուցում կստանա

14:30, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Johnson & Johnson-ի արտադրանքի օգտագործումից քաղցկեղով հիվանդացած կինը 110 մլն դոլար փոխհատուցում կստանա

ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի դատարանը պարտավորեցրել է կենցաղային քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող Johnson & Johnson ընկերությանը 110 մլն դոլար փոխհատուցում վճարել կնոջն, ով քաղցկեղով է հիվանդացել ընկերության՝ տալկ պարունակող ցանափոշու օգտագործումից:

Ինչպես նշում է Reuters-ը, կինը դատարանում տեղեկացրել է, որ 40 տարի շարունակ ամեն օր օգտագործել է J&J-ի արտադրության՝ տալկ պարունակող ցանափոշին:

Դրա հետևանքով 2012թ. կնոջ մոտ ձվարանների քաղցկեղ է ախտորոշվել, ինչից հետո չարորակ ուռուցքը տարածվել է լյարդի վրա: Ներկայում կինը քիմիաթերապիայի կուրս է անցնում:

Այս ամենը հաշվի առնելով՝ դատարանը վճռել է, որ ընկերությունը պետք է 110 մլն դոլարի փոխհատուցում վճարի կնոջը:

J&J-ն իր ցավակցությունն է հայտնել կնոջն ու հայտարարել, որ մտադիր է բողոքարկել վճիռը:

Սենթ Լուիսի դատարանում J&J-ի դեմ նմանատիպ 2.400 հայց է ներկայացվել:
     Հիշեցնենք, որ սա արդեն 4-րդ հայցն է, որով Johnson & Johnson-ին պարտավորեցնում են փոխհատուցում վճարել տալկի հիմքով ստեղծված ցանափոշու պատճառով: 2016-ի հոկտեմբերին ընկերությանը պարտավորեցրել են 70 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել Քալիֆորնիայի բնակչուհուն, իսկ դրան նախորդած 2 դեպքում ընկերությանը պարտավորեցրել են վճարել 127 միլիոն դոլար:

22900 | 0
Facebook