Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալիզմ Ռուսաստանի հանդեպ Բրյուսելում». The Wall Street Journal

16:05, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
«Ռեալիզմ Ռուսաստանի հանդեպ Բրյուսելում». The Wall Street Journal

«Եվրոպական երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ կհավաքվեն Բրյուսելում Ռուսաստանի նկատմամբ ռազմավարությունը քննարկելու համար: Կարևոր հարցերից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցն է լինելու: Հաշվի առնելով Պուտինի վերջին գործողությունները` նրանք անհանգստանալու պատճառ ունեն»,- գրում է The Wall Street Journal-ը:
     Կրեմլը «Իսկանդեր» տեսակի միջուկային հրթիռային համակարգեր է ծավալել Կալինինգրադում, որոնց համար, օրինակ, Վարշավան հասանելիության շառավղում է լինելու, ասվում է խմբագրական հոդվածում: Դա ուղեկցվում էր հեռուստատեսությունում կրեմլյան պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովի «լեկցիայով», ով կիրակի օրը հայտարարեց, որ «լպիրշ» ամերիկյան քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ «միջուկային հետևանքներ» է ունենալու: «Միևնույն ժամանակ ռուսական ինքնաթիռները պարբերաբար ռմբակոծում են Հալեպի խաղաղ բնակիչներին, իսկ ռուսական զորքերը անօրինաբար բռնազավթում են Ղրիմն ու Արևելյան Ուկրաինան»,- գրում է WSJ-ը:
     «Ռուսաստանի նախագահը հույս ունի օգտագործել իր ռազմական ազդեցությունը Սիրիայում՝ ուժի կիրառման ավելի անմիջական վտանգների հետ մեկտեղ պատժամիջոցները վերացնելու նպատակով»,- կարծում են հոդվածի հեղինակները՝ հիշատակելով նաև ռուսական ինքնաթիռների կողմից ՆԱՏՕ-ի պետությունների օդային տարածությունների խախտումը:
     «Սակայն պատժամիջոցները քմահաճ խճանկար են հիշեցնում՝ տարբեր իրավական հիմքերով ու շարունակականությամբ: Տնտեսական պատժամիջոցների ժամկետը լրանում է հունվարին, անհատական «սև ցուցակները»՝ մարտին, իսկ Ղրիմի հետ կապված պատժամիջոցները՝ հունիսին»,- նկատում է պարբերականը:
     «ԵՄ-ի համար լավագույն միջոցը կլիներ տարին մեկ անգամ նորացվող պատժամիջոցների փոխկապակցված շարքի սահմանումը ամբողջ աշխարհաքաղաքական ասպարեզում ռուսական ագրեսիային ի պատասխան: Պարզությունը երբեք բրյուսելյան առաքինությունների թվում չի եղել, բայց, հնարավոր է` բարձր խաղադրույքները կստիպեն Եվրոպային կենտրոնանալ»,-եզրափակում է թերթը:

6770 | 0
Facebook