Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Միշտ ցանկացել ու ձգտել եմ հասնել Պլյուշչենկոյի նվաճումներին». Սլավիկ Հայրապետյան

17:06, շաբաթ, 05 մարտի, 2016 թ.
«Միշտ ցանկացել ու ձգտել եմ հասնել Պլյուշչենկոյի նվաճումներին». Սլավիկ Հայրապետյան
     Այսօր երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուին մասնակցելու է նաև հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։ Երեկ երեկոյան կայացած շոուի փորձին, որին ներկա էր նաև MAMUL.am-ի թղթակիցը, Սլավիկը նշեց, որ առաջին անգամ չէ մասնակցում շոուների, սակայն նման մասշտաբայինի՝ առաջին անգամ․ «Նման մասշտաբային շոուի առաջին անգամ եմ մասնակցում։ 10 տարեկանում մասնակցել եմ Իլյա Ավերբուխի (Իլյա Ավերբուխ՝ ռուս գեղասահորդ, Իրինա Լոբաչովայի հետ զույգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, այժմ խորեոգրաֆ, սառցե շոուների պրոդյուսեր – խմբ․) ձմեռային շոուներին։ Դա շոուներին մասնակցությանս միակ փորձն էր։ Հետո արդեն սկսվեցին մարզումները, հավաքները, մրցաշարերը։ Շոուների ժամանակ չկար»,- ասաց նա։ Երիտասարդ գեղասահորդը նշեց, որ վաղ տարիքից հիացել է Պլյուշչենկոյի ելույթներով։ Հարցին, թե ով է նրա կուռքը, Սլավիկը պատասխանեց․ «Իհարկե Պլյուշչենկոն է։ Վաղ տարիքից մեծացել եմ Ժենյային նայելով։ Նա իմ կուռքն է եղել, միշտ ցանկացել ու ձգտել եմ հասնել նրա նվաճումներին։ Տպավորված էի, երբ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանն իրար հետ էինք մարզվում, միևնույն նախավարժանքային խմբում էինք, մրցում էինք։ Ինքս իմ մեջ մտածում էի․ «Ես այն տղան եմ, ով 12 տարի առաջ հեռուստացույցի դիմաց նստած բերանը բաց Ժենյային էր նայում, իսկ հիմա նրա հետ միևնույն սառույցին մրցում է»։ Աննկարագրելի զգացումներ են։ Հիմա նաև Խավիեր Ֆերնանդեսին կարող եմ կուռք համարել․ նա դերասան է՝ սառույցի վրա։ Կա Յուզուրու (Յուզուրու Հանյու՝ ճապոնացի գեղասահորդ, 2014 թ․ օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն – խմբ․), կա Խավիեր (Խավիեր Ֆերնանդես՝ իսպանացի գեղասահորդ, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն)։ Նրանք այս պահին լավագույնն են աշխարհում։ Նրանք միակ գեղասահորդներն են, ովքեր անցել են 300 միավորի սահմանը։ Դա աշխարհի ռեկորդ է։ Բայց ինձ համար, միևնույնն է, լավագույնը Խավիերն է»,- նշեց երիտասարդ գեղասահորդը՝ մեր թղթակցի հետ զրույցում։ Հարցին, շփվում է արդյոք մրցակիցների հետ, Հայրապետյանը պատասխանեց․ «Իհարկե։ Գեղասահքի շրջանակներում մենք բոլորս իրար ճանաչում ենք, շփվում և աշխատում ենք կապի մեջ լինել միմյանց հետ»,- եզրափակեց նա։
    
     Կատարինե Այդինյան
5304 | 0
Facebook