Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Airbus A320»-ի օդաչուն միտումնավոր ցանկացել է կործանել ինքնաթիռը. նոր մանրամասներ Ֆրանսիայի ավիաաղետից

17:00, հինգշաբթի, 26 մարտի, 2015 թ.
«Airbus A320»-ի օդաչուն միտումնավոր ցանկացել է կործանել ինքնաթիռը. նոր մանրամասներ Ֆրանսիայի ավիաաղետից

Ֆրանսիայում երկու օր առաջ տեղի ունեցած ավիաաղետի հետաննքությամբ զբաղվող մասնագետները վթարի ենթարկված օդանավի «սև արկղերի» վերծանման արդյունքում նոր մանրամասներ են պարզել: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, մամուլի ասուլիսի ժամանակ Մարսելի դատախազ Բրիս Ռոբինը հայտարարել է, որ օդանավը միտումնավոր կերպով կործանել է երկրորդ օդաչուն:

Ըստ Ռոբինի՝ երկրորդ օդաչուն պատահարի ժամանակ մենակ է եղել օդաչուների խցիկում և միայնակ վերահսկելիս է եղել օդանավի ընթացքը:

«Ստացված ձայնագրությունները ցույց են տվել, որ, մենակ մնալով օդաչուների խցիկում, երկրորդ օդաչուն փակել է խցիկի դուռը և սեղմել կոճակը, որի պատճառով էլ ինքնաթիռն սկսել է կտրուկ վայրէջք կատարել: Մենք այժմ վերջնականորեն չենք կարող ասել նրա արարքի պատճառը, սակայն ամեն ինչ հանգեցնում է նրան, որ երկրորդ օդաչուն ինքնաթիռը միտումնավոր կործանելու նպատակ է ունեցել»,- նշել է Մարսելի դատախազը:

Բրիս Ռոբինը հայտնել է, որ 28-ամյա օդաչուն ազգությամբ գերմանացի է եղել, անունը՝ Անդրեաս Լուբից: Նրա անունը հետախուզվող ահաբեկիչների բոլոր ցուցաներից բացակայել է, ինչը նշանակում է, որ նա դժվար թե կապ ունեցած լիներ ահաբեկչական որևէ խմբավորման հետ:

Դատախազը նշել է, որ հրամանատար-օդաչուի հեռանալուց հետո խցիկում վերջին 10 րոպեների ընթացքում կատարյալ լռություն է տիրել: Չնայած նրան, որ գլխավոր օդաչուն ծեծել է դուռը և փորձել օգնության հասնել, երկրորդ օդաչուն ոչ մի կերպ չի արձագանքել:

11030 | 1
Facebook