Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի հեռուստադիտողները տարբեր մոլորակներում են ապրում. «Washington Post»

16:53, ուրբաթ, 27 փետրվարի, 2015 թ.
Ռուսաստանի և Ուկրաինայի հեռուստադիտողները տարբեր մոլորակներում են ապրում. «Washington Post»

Ամերիկյան «Washington Post» պարբերականն անդրադարձ է կատարել ռուսական և ուկրաինական հեռուստաալիքներով միջազգային ասպարեզում կատարվող իրադարձությունների մեկնաբանմանը: Ինչպես նշում է աղբյուրը՝ այդ երկու երկրների հեռուստաալիքների աշխատանքին և հատկապես նորությունների մեկնաբանումներին հետևելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ռուսներն ու ուկրաինացիները տարբեր մոլորակներում են ապրում:

«Համեմատելով ուկրաինական և ռուսական հեռուստաալիքներով Ուկրաինայի դեպքերի զարգացումների լուսաբանումներին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ռուսներն ու ուկրաինացիները տարբեր մոլորակից են, քանի որ յուրաքանչյուրը ներկայացնում է նորություններն այն տեսանկյունից, որն իրեն ձեռնտու է: Այդ ամենը սրվեց հատկապես մալայզիական MH17 ինքնաթիռի կործանման դեպքից հետո: Ռուսական և ուկրաինական հեռուստաընկերություններն այս դեպքի վերաբերյալ տարբեր պատմություններ սկսեցին ներկայացնել իրենց հեռուստադիտողներին, և արդյունքում ստացվեց այնպես, որ այդ օդանավի կործանման համար երկու մեղավորներ ի հայտ եկան. ուկրաինական հեռուստաընկերությունների համաձայն՝ մեղավորը ռուսամետ ահաբեկիչներն էին, իսկ Ռուսաստանի հեռուստաընկերությունների կարծիքով՝ պատճառը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանձնարարականով մեկնարկած հակաահաբեկչական գործողություններն էին՝ ուղղված սեփական երկրի բնակիչների դեմ:

Նույնը կատարվում է նաև այժմ՝ Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման դեպքում: Ռուսական հեռուստաընկերությունները հրադադարի խախտման դեպքերի մեջ մեղադրում են կառավարական բանակին և կոչ անում Արևմուտքին՝ դադարել Ուկրաինայի սատարումը, իսկ ուկրաինական հեռուստաալիքները արևելյան հատվածի իրավիճակի սրման և հրադադարի խախտման համար մեղադրում են անջատականներին և կոչ անում Ռուսաստանին՝ դադարեցնել Ուկրաինայի արևելյան հատվածում գործող անջատական ուժերի ֆինանսավորումը:

Արդյունքում ստացվում է այնպես, որ Ռուսաստանում և Ուկրաինայում բնակիչները, որոնց մեծ մասը, ի տարբերություն Արևմուտքի, աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանում են հեռուստատեսության միջոցով, այդ իրադարձությունների մասին այդպես էլ իրական պատկերացում չեն կարողանում կազմել»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ հարցումներից մեկի ժամանակ պարզվել է, որ Ռուսաստանում բնակչության 85%-ը քաղաքական իրադարձությունների մասին տեղեկանում է հեռուստատեսության միջոցով:

7148 | 0
Facebook