Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ է ենթադրում դպրոցների օպտիմալացման ծրագիրը. կարծիք են հայտնում փորձագետները

16:40, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Ինչ է ենթադրում դպրոցների օպտիմալացման ծրագիրը. կարծիք են հայտնում փորձագետները

Երեկ կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին, կրթության և գիտության նախարարին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման երկրորդ հերթի բացառումը:
     Կրթության ազգային ինստիտուտի նախագահ Անահիտ Բախշյանը, խոսելով վարչապետի հանձնարարակնների մասին, նշել է, որ դրանում շատ մեծ վտանգներ է տեսնում: «Ես, պարզապես, չեմ հասկանում այդ օպտիմալացման շղարշի տակ երկրի անվտանգությունը սասանելու այս սևեռուն գաղափարը: Օպտիմալացնել կարելի է, բայց Երևանում օպտիմալացրեք… Հստակություն է պետք. եթե վարչապետը ճշտի, հստակեցնի, թե այդ 20 դպրոցները տարածաշրջանի որ մասում են, մենք կհասկանանք: Երեկվա իր հայտարարությունն, իսկապես, չափազանզ մտահոգիչ է»:

Բախշյանը խոսել է Երևանում ծնելիության աճից` նկատելով, որ դրա պատճառը մարզերից Երևան տեղափոխված մարդկանց հետ է կապված. «Դա է պատճառը, որ Երևանում երեխաների թիվը չի պակասում, բայց դա մարզերի հաշվին է, ոչ թե ծնելիության»:

Խնդրի վերաբերյալ ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանն էլ կարծիք է հայտնել` նշելով, որ դպրոցների օպտիմալացմամբ որևէ կերպ չեն վտանգվի մարզերն ու երեխաները: «Եթե մենք պետք է պահենք իրարից ոչ շատ հեռու դպրոցներ, որտեղ սովորում են քիչ աշակերտներ, այս դեպքում կարող ենք փոխել ծախսը: Այսինքն` կարող ենք ունենալ տրանսպորտային միջոց, պահել մեկ դպրոց և այդ տրանսպորտային միջոցով երեխաներին տեղակայել մեկ դպրոցում: Այսպիսով, որևէ կերպ չեն վտանգվի մարզերն ու երեխաները: Եվ վերջապես, ցանակալի է, որ դասարանում լինի ոչ թե 2-3 աշակերտ, այլ` 10-15 և ավելի, իսկ այդ փոքրիկ գյուղական դպրոցներում շատ քիչ են երեխաները»:

Ա. Բախշյանը, սակայն խորհուրդ տվեց չվստահել այդ ավտոբուսներին, որոնցով պետք է իրականացվի երեխաներին գյուղից գյուղ տեղափոխումը. «Այդ ավտոբուսներն օրումեջ փչանում են, ձյուն է, անձրև է… այսպիսով գյուղը դատարկվում է: Եթե գյուղը դպրոց չունեցավ` ոչ մի ծնող չի մնա այդտեղ»,- կարծիք հայտնեց նա` նշելով, որ փոխանակ մտածեն` ո՞նց զարգացնեն գյուղը, որ մարդիկ «կպնեն էդ հողուջրին», մտածում են դպրոց փակելու մասին:

Ի դեպ, MAMUL.am-ի թղթակցին իրենց անհանգստությունն են փոխանցել նաև մի խումբ մանկավարժներ: Նրանք մտավախություն ունեն, որ այս ծրագիրը կյանքի կոչելու դեպքում իրենցից շատերը գործազուրկ կդառնան:

Հիշեցնենք` դպրոցների օպտիմալացման ծրագիրը նախատեսում է փակել այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ:

5948 | 0
Facebook