Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տիտանիկ»-ի նավաբեկությունից փրկված հայ երիտասարդը վերապրել է նաև Հայոց ցեղասպանությունը

17:25, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Տիտանիկ»-ի նավաբեկությունից փրկված հայ երիտասարդը վերապրել է նաև Հայոց ցեղասպանությունը

20-րդ դարի խոշորագույն աղետը` «Տիտանիկ»-ի նավաբեկությունն, ավելի քան 1500 մարդու կյանք է խլել: Այդ զոհերի թվում եղել են նաև հայեր: Տարբեր տվյալներով` տխրահռչակ նավարկության տոմս է ձեռք բերել 7-12 հայ, որոնց մի մասը փախել է Արևմտյան Հայաստանից` թուրքական ճնշումներից փրկվելու համար: «Տիտանիկ»-ի նավաբեկությունից հետո ողջ է մնացել 3-4 հայ, որոնցից մեկը գրականագետ, հրապարակախոս Վաղինակ Բյուրաթն է եղել, այս մասին գրում է Sputnik-ը:

Կոնստանդնուպոլիսի հայկական ինտելիգենցիայի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Վաղինակ Բյուրաթն իր հոր` Սմբատի հետ գրահրատարակչությամբ է զբաղվելիս եղել: Այդ ժամանակ նա 26 տարեկան է եղել և պատրաստվել է մեկնել Ամերիկա` գրքերի մեծ խմբաքանակ տեղափոխելու համար: Նա մեծ դժվարությամբ, օգտագործելով հոր կապերը, կարողացել է իրավունք ստանալ: Նա մեկնել է Մանչեսթեր, որտեղից էլ` Սաութհեմփթոն, որտեղ էլ Ամերիկա մեկնելու համար «Տիտանիկ»-ի տոմս է ձեռք բերել:
     Վաղինակը տեղավորվել է 12 քառ. մետր մակերես ունեցող հարմարավետ նավախցում: Նույն սենյակում նրա հետ են եղել նաև 2 անգլիացի և մեկ ֆրանսիացի` Մորեն անունով: Հենց նրա հետ էլ Վաղինակը մտերմացել է, քանի որ մանկուց հիանալի տիրապետել է Ֆրանսերենին:

1912թ. ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը Վաղինակը պայթյունի նման մի բան է լսել: Սենյակում լույսը հանգել է, անգլիացի երիտասարդներն, ովքեր պառկած են եղել երկհարկանի մահճակալների վերին հարկում, ընկել են գետնին ու վնասվածքներ ստացել: Մորենն ու Վաղինակն օգնել են անգլիացիներին ու նրանց դուրս հանել տախտակամած: Նավի վրա կատարյալ քաոս է տիրել, ու փրկվելու հույսով Վաղինակն ու Մորենը որոշել են ցատկել ջուրը: Բարեբախտաբար, երկուսն էլ լավ լողորդներ են եղել: Իր իրերից Վաղինակը վերցրել է միայն անձնագիրն ու գումարը, փաթաթել փոքրիկ պարկի մեջ ու կախել վզից: Երիտասարդները հայտնվել են անծայրածիր օվկիանոսում: Վաղինակը բավական երկար ժամանակ լողալուց հետո նավակ է նկատել ու օգնություն խնդրել, բայց օգնության փոխարեն նրան հարվածել են նավաթիակով: Դրանից հետո նա գիտակցության է եկել հիվանդանոցում:
     Պարզվել է, որ փրկարարական նավակում գտնվող կանացից մեկը Վաղինակին հարվածելուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել, պահանջել փրկել երիտասարդին, քանի որ նա իր որդին է, իսկ ամուսինը մնացել է տախտակամածին ու մահացել:
     1912թ. հունիսի 17-ին Վաղինակը վերադարձել է Կոստանդնուպոլիս: 20-րդ դարի ամենամեծ աղետից փրկված երիտասարդին վիճակված է եղել տեսնել ու վերապրել նաև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915թ. ապրիլի 24-ին ձերրբակալվել ու սպանվել է ավելի քան 600 մտավորական, այդ թվում Վաղինակի հայրը: Վաղինակ Բյուրաթին այս անգամ ևս հաջողվել է ողջ է մնալ:

7660 | 0
Facebook