Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը

շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը

Արդեն հայտնել էինք, որ 4 երիտասարդներ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, հոկտեմբերի 5-ին հարձակվել են «Հայելի» մամուլի ակումբի վրա՝ պահանջելով փակել լրատվամիջոցը: Ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է եղել:

Այս թեման մեկնաբանել են`

Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը։ Դա անթույլատրելի է։


Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ՝ բացառելու համար որևէ նման դեպքի կրկնություն:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Որևէ լրատվամիջոցի, որևէ միավորման, որևէ լրագրողի, որևէ հասարակական կազմակերպության կամ նրա ներկայացուցիչի, որևէ քաղաքական կուսակցության գրասենյակի կամ քաղաքական կուսակցության ներկայացուցիչի վրա նման վերաբերմունքը անհամատեղելի է ժողովրդավարական պետության հետ, անկախ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից:


Դատապարտում եմ տեղի ունեցածը, իսկ կատարողներն, անկախ նրանց անձից, պետք է պատասխանատվության ենթարկվեն:


Միաժամանակ տեղի ունեցածը չեմ համարում որպես քաղաքական իշխանության հրահանգ: Ավելին, նման գնահատականի համար որևէ հիմնավորում չկա: Սակայն քաղաքական մեծամասնությունը պետք է իր հստակ և սկզբունքային գնահատականը հրապարակի կատարվածի վերաբերյալ:


Ցանկացած ատելության, թշնամանքի խոսք վերաբերմունք պետք է հակադարձվի հենց իշխանության կողմից:


Ոստիկանությունը պետք է կարողանա ապահովել միավորումների և ԶԼՄ-երի անխափան գործունեությունը, կանխելով և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելով ոտնձգությունները կանխելու և ոտնձգություններ կատարողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ռուստամ Բադասյան, Արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյան, Արդարադատության նախարար

Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ:
Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական:

Դավիթ Հովհաննիսյան, միջադեպի մասնակից

Դավիթ Հովհաննիսյան, միջադեպի մասնակից

Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն ու չտարբերեն պետականությունն անձնական շահից, էլի ենք անելու։ Մենք հպարտ ենք, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն բոլորիդ մեր կողքին լինելու համար:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Միշտ չէ, որ կիսում եմ զլմների, այդ թվում ՀԱՅԵԼՈՒ մոտեցումները, սակայն անկախ այն հանգամանքից, համաձայն եք զլմների կողմից վարվող տեղեկատվական քաղաքականության հետ թե ոչ, անթույլատրելի և դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն եւ ճնշման փորձ լրատվական դաշտի վրա։


Մենք երկար տարիներ տարբերվել ենք հենց նույն Ադրբեջանից խոսքի և մամուլի ազատության բարձր մակարդակով։


Հատկանշական է, որ նման հարձակումների թիրախ դառնում են ընդդիմադիր կեցվածք ունեցող լրատվամիջոցներն ու լրագրողները, ինչը վկայում է գործող իշխանությունների ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածության և ներառման մասին։


Ակնհայտ է, որ որպես հարձակման պատճառ նշվող հրապարակումը ընդամենը առիթ էր իշխանամերձ շրջանակների երկար ժամանակ կուտակված մաղձը ցուցադրելու համար։


Հայաստանում ազատ մամուլը ճնշելու յուրաքանչյուր փաստի հետևում նշմարվում են իշխանությունների ականջները:

Տարոն Չախոյան, բլոգեր

Տարոն Չախոյան, բլոգեր

«ՀԱՅԵԼԻ» մամլո ակումբի վրա այսպես կոչված հավկիթներով «հարձակումն» իրականում նույն լրատվամիջոցի տարիների աշխատանքի գնահատականն էր։


Այն, թե իրականում ինչ ֆորմատով և ինչ պրոպագանդանորով է աշխատել տվյալ լրատվամիջոցը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։


Իսկ հեղափոխությունից հետո այսպես կոչված «Անժոյի բեսեդկան» ջանք չէր խնայում ամենավերջին ստերով իշխանություններին վարկաբեկելու ու հակաիշխանական պրոպագանդա անելու համար։


Չնայած այս ամենի հետ դեռ կարելի էր էլի հաշտվել, եթե չլիներ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից անմիջապես հետո հրապարակված լկտի սուտը։


Տխրահռչակ «Անժոյի» բեսեդկան անգամ չսպասեց, որ մահացած ոստիկանապետի արյունը սառչի, ու վերջին սրբապիղծի նման տարածեց լկտի սուտը վերջինիս մահվան հետ կապված։


Իսկ վերջին գլուխգործոցը` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» արդեն իսկ ոչ թե իշխանության այլ պետության դեմ էր ուղղված:


Իսկ այսօր, որոշ «միամիտներ» դեռ զարմանում են տխրահռչակ «Անժոյի» բեսեդկի հանդեպ նման վերաբերմունքից...

Անժելա Թովմասյան, «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր

Անժելա Թովմասյան, «Հայելի» մամուլի ակումբի հիմնադիր

Կատարվածն այլանդակ ոտնձգություն է իմ անձի ու լրատվամիջոցի նկատմամբ՝ իմ ընդդիմադիր կեցվածքի պատճառով: Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

«Hayeli.am» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը «Առավոտ» կայքում զրպարտել է երկրի վարչապետին. «Նիկոլ Փաշինյան գործիչ, հիշիր, քո պայքարի բոլոր ժամանակներում քո գործընկերներն են եղել քո կողքին, մի արա այդպես, դադարեցրու»:
Քանի որ «Առավոտը» չի հարցրել «տուժված» Անժելային, թե ինքը որտեղից գիտի, որ Նիկոլ Փաշինյանն է այդ տղաներին ուղարկել իր «կանտորան», կիսատը լրացնեմ։
Տիկին Անժելան այս պահին արտերկրում է։
Հանրության մեծ մասը, ես էլ՝ հետները, չգիտենք, թե ովքեր են Անժելայի պատին «մարմնական վնասվածք» հասցրած երիտասարդները։ Չգիտենք, նրանց ուղղորդող եղել է, թե՝ ոչ, և եթե եղել է՝ ով է այդ ուղղորդողը։
Տիկին Անժելան իրավունք ունի կասկածելու՝ ում ուզում է։
Բայց տիկին Անժելան ոնց որ թե արդեն գտել է «մեղավորին»։
Առանց ապացուցված փաստերի։
Եվ նրա այս «վստահությունը», որ Փաշինյանն է ուղարկել այդ տղաներին, ինձ հուշում է, որ տիկին Անժելայի շաաատ սրտով է էս «հարձակումը»։
Սա իրեն շատ պետք էր, որ մեղադրի իր տերերի ու իր եղբոր քունուդադարը խաթարած վարչապետին։
Հետևություն. տիկին Անժելան էժանագին սադրիչ և զրպարտիչ է:

4927 | 0