Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուկրաինական «Սեգոդնյա» լրատվականի ծավալուն անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

13:23, հինգշաբթի, 23 ապրիլի, 2015 թ.
Ուկրաինական «Սեգոդնյա» լրատվականի ծավալուն անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Ուկրաինական «Սեգոդնյա» լրատվականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
     Հոդվածում մասնավորապես ասվում է. «Այս օրերին համայն հայությունը հիշում է 100-ամյա վաղեմության դեպքերը, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեց մեկ ու կես միլիոն հայ: Ոչ միայն պաշտոնական Երևանն, այլև հայկական սփյուռքն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և 10-յակ այլ երկրներում վաղուց ի վեր պատրաստվում է ապրիլի 24-ի 100-ամյա տարելիցին: Ուկրաինայի համար, որ դեռ պետք է լրաջագույնս զբաղվի 1932-1933թթ. տեղի ունեցած «Գոլոդոմորի» դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու պահանջներ ներկայացնելու հարցով, անհրաժեշտ է ծանոթանալ հայկական փորձին:

Ավելի քան 20 տարի Երևանը տարբեր հարթակներով, ներառյալ նաև ՄԱԿ, ձգտում է հասնել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման: Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 20 երկիր: Վերջինը եղել է Վատիկանը (դրանից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև Ավստրիան):

Հայաստանն աշխատանքներ է տարել նաև Մեծ Բրիտանիայի հետ. հնագույն համընդհանուր հանրագիտարանում` «Encyclopedia Britannica»-ում, խմբագրվել է «Թուրք-հայկական պատմություն» հոդվածը: «Հայերի ջարդեր» բառակապակցությունն այժմ վերաձևակերպվել է «Հայոց ցեղասպանություն»:

Ողբերգական տարելիցին ընդառաջ հայկական կողմը նոր մոտեցում է մշակել` «Հիշում և պահանջում ենք» կարգախոսով, որը կոչված է միջազգային հանրությանն ապացուցելու, որ Ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտություն է:

100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են հայ հասարակության և սփյուռքի բոլոր շերտերը` երկրի նախագահից և հայ միլիոնատերներից մինչև ծրագրավորողներ և հուշանվերներ վաճառողներ: Բացի այդ, հայերը ողբերգական փաստերին ծանոթանալու նպատակով «Ցեղասպանություն-1915» խորագրով ցուցահանդես են կազմակերպել, որի միջոցով ներկայացվել են լուսանկարներ և այդ տարիների ԶԼՄ-ների առաջին էջերի անդրադարձերը ողբերգական դեպքերին: Այնտեղ, որտեղ հնարավոր չի եղել հասնել ցուցահանդեսի միջոցով, ակտիվորեն գովազդվել է «armeniangenocide100.org» կայքը, որով 5 լեզվով, ներառյալ թուրքերեն, կարելի է ծանոթանալ ոչ միայն փաստաթղթերին, այլև վերապրածների թոռների ու ծոռների պատմություններին:

… Ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկ ծաղիկը պատկերող վահանակներ են տեղադրվել աշխարհի տարբեր քաղաքներում, նաև՝ Կիևում, Օդեսայում, Դնեպրոպետրովսկում»:

Լրատվականի ծավալուն անդրադարձում խոսվում է նաև գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված սեփական «Նոբելյան մրցանակի»` «Ավրորա»-ի, ճարտարապետների ու պատմաբանների կողմից ստեղծված «Մշակութային ցեղասպանություն» ծրագրերի մասին:

«Ում համար սուգ, ում համար շքերթ» վերտառությամբ` ուկրաինական լրատվականն անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի նախագահի կողմից ապրիլի 24-ին Գալիպոլիի հաղթանակի կապակցությամբ տոնական միջոցառումներ կազմակերպելու փաստին:

5870 | 0
Facebook