Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը». Աշոտյան

18:30, շաբաթ, 22 հունիսի, 2024 թ.
«Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
     Քաղաքացի Անահիտ Մարտիրոսյանը հարցրել է. «Սրբազան պայքարը հայտարարում է, որ ավելի ընդլայնված է լինելու: Իրատեսակա՞ն եք համարում»:

«Ես իրատեսական եմ համարում Հայաստանի կործանումը կանխելու վերջնական հնարավորությունը: Չեմ հավատում, որ 5000 տարվա ընթացքում չվերացած ազգը կարող է հեռանալ պատմաքաղաքական ասպարեզից, այն էլ՝ այսպիսի անփառունակ, խայտառակ, անպատիվ կերպով: Եթե ինքնասպաններին, ըստ կրոնական ավանդույթի, հուղարկավորում էին եկեղեցական գերեզմանատներից դուրս, ապա պատկերացրեք, թե պատմության ինչպիսի դժոխքում կհայտնվի զանգվածային ինքնաոչնչացում գործող մի ամբողջ ժողովուրդ, եթե վերջապես ուշքի չգա:

Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, ապա այն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը: Այս պայքարի ընթացքում մարդկանց դժգոհությունը երկրի և քաղաքացիների աղետալի վիճակից ո՛չ մաշվել է, ո՛չ փարատվել, ոչ էլ անհետացել: Հակառակը, Հայաստանի շարունակվող կազմաքանդումը, ոստիկանական վայրագությունները միայն ավելացրել են ըմբոստության էներգիան»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը:

963 | 0
Facebook