«Տավուշում ձևավորվել է հանրային հակազդեցություն». Իշխան Սաղաթելյան
![]() ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին Տավուշի մարզում էինք: Տավուշի մեր հայրենակիցներն ամբողջությամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետևանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ հակազդեցություն: Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային- հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։ Սակայն, ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։ Անվտանգությանը սպառնացող այն մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, դա միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։ Հետևաբար, հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա: Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են: Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին. -Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ, -աշխատանք միջազգային հարթակներում, -մարզային հանդիպումների շարք, - անվտանգության հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում, - համահայկական մասշտաբով իրազեկման եւ զորակցական ակցիաների իրականացում։ Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»։ |