ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ Կոնսերվատորիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես ուսանողների, շրջանավարտների և դասախոսների ստորագրությամբ ԿԳՄՍ ներկայացված դիմում-պահանջին, որտեղ նշում են, որ դեմ են Կոնսերվատորիայի միավորմանը այլ ԲՈՒՀ-ի հետ, շենքի տեղափոխմանը և ակադեմիական քաղաքի մաս կազմելուն։ Անդրադարձին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց․ «Կոնսերվատորիայի շուրջ որևէ իրադարձություն տեղի չի ունենում, մենք ունենք կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրված շատ կարևոր թիրախ, որը մեր բուհական համակարգի արդյունավետության բարձրացումն է և որի շրջանակներում հստակ ամրագրված է, որ մենք պետք է գնանք պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացին․ դա նորություն չէ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ծրագիրը քննարկման կարիք ունի, որպեսզի շահառուները լավ պատկերացնեն։
Հակադարձելով նախարարի պատասխանին՝ Արեգնազ Մանուկյանն ասաց, որ եթե ամեն ինչ լավ լիներ, ապա ստորագրահավաքի ու դիմում-պահանջի կարիք չէր լինի։
Պատգամավորը բարձրացրեց նաև «Գոյ» թատրոնի վերամիավորման խնդիրը, որին ի պատասխան Ժաննա Անդրեասյանն ասաց՝ առաջարկվել է, որ եթե իրենք ուզում են որպես առանձին թատրոն գործել, դիտարկեն մասնավոր թատրոն դառնալու տարբերակը․ անցումային փուլում պետությունը կաջակցի, բայց նրանք դատական հայցեր են ներկայացրել։