Հայազգի գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյանը հռչակ է ձեռք բերել իր հանդիսավոր դիմանկաներով: Առաջին իսկ աշխատանքները`«Ստալինի դիմանկարը» և «Կիրովի ելույթը կուսակցության 17-րդ համագումարին» բարձր գնահատականի են արժանացել խորհրդային մամուլում՝ մեծ ճանաչում բերելով նրան:
Նա ստեղծել է Խորհրդային Միության ղեկավարների` Ստալինի, Բրեժնևի և Խրուշչովի դիմանկարները, ինչի համար ստացել է «Քաղբյուրոյի առաջին վրձին» անունը: Հայտնի է, որ Ստալինը միայն նրան էր վստահում ստեղծել իր դիմանկարները:
Գեղանկարչի խոսքերով, դիմանկարն առավել լիարժեք կերպով է արտացոլում դարաշրջանի ոգին, և իր պարտքն է ստեղծել երկրի ղեկավարների պատկերները:
Լինելով հանդիսավոր դիմանկարի մեծ վարպետ, նկարիչն անդրադարձել է նաև այլ ժանրերի՝ նատյուրմորտ, բնանկար, ստեղծել է պատմահեղափոխական թեմաներով մեծադիր աշխատանքներ («Երևան. բնանկար», «Մոնմարտրում», «Դուրս վռնդեք օկուպանտներին մեր երկրից»):
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է Դմիտրի Նալբանդյանի ինը աշխատանք: Նրա աշխատանքները ցուցադրվում են նաև Ռուսաստանի բոլոր առաջատար թանգարաններում:
1992 թվականից Մոսկվայում գործում է նրա արվեստանոց-թանգարանը, որտեղ պահվում է հեղինակի շուրջ 1500 ստեղծագործություն: