Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արքա, որի օրոք Հայոց բանակի թիվը հասավ 90 հազարի

23:18, կիրակի, 28 հունվարի, 2024 թ.
Արքա, որի օրոք Հայոց բանակի թիվը հասավ 90 հազարի

Արշակունի արքայատոհմի կառավարման օրոք պետական իշխանության պահպանման կարևորագույն գրավականը կայացած բանակն էր, որի գերագույն հրամանատարն արքան էր, ապա` սպարապետը։ Սպարապետը պատերազմի ժամանակ թագավորի անմիջական օգնականն ու խորհրդական էր և զորքի հրամանատարը։
     Զորքը գլխավորապես հավաքագրված էր հայերից։
     Արշակունի Պապ արքան պատմության մեջ հայտնի է իր կատարած մի շարք բարեփոխումներով, որի արդյունքում կտրուկ ավելանում է հայոց զորքի թիվը, բայց նաև հոգևորականների դժգոհությունը՝ նրա վարած ներքին քաղաքականության և մի շարք որոշումների շուրջ։ Մասնավորապես, Պապ արքայի որոշմամբ, հոգևորականների հարազատները, որոնք ազատվում էին ծառայությունից, պարտավորվում էին այսուհետ ծառայել բանակում։ Պապն սկսում է նաև կրճատել Տրդատ 3-ի ժամանակ եկեղեցիներին շնորհված ահռելի հողերը և տալ զինվորականներին։ Մեկը մյուսի հետևից սկսում են փակվել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրվում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Նա վերացնում է նաև տասանորդի և պտղի հարկերը, որոնք ռամիկներից տրվում էին եկեղեցուն։ Զուգահեռ կրճատվեց նաև հոգևորականների թիվը։
     Հայոց զորքի թիվը Պապ թագավորի օրոք նրա կատարած բարեփոխումների շնորհիվ հասավ շուրջ 90 հազարի։
     Պապի հզոր բանակի Սպարապետը Մուշեղ Մամիկոնյանն էր, որի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
     371 թվականին տեղի ունեցած Ձիրավի նշանավոր ճակատարմարտում Պարսից Շապուհ Բ-ի բանակը ջախջախիչ պարտություն է կրում։
     Այս ժամանակ Հայոց զորքի հիմնական հարվածային ուժը հեծելազորն էր՝ հայոց այրուձին, որը զինված էր հիմնականում նիզակներով, սրերով, վահաններով և նետ ու աղեղներով։ Զրահապատ էին ոչ միայն հեծյալը, այլ նաև ձիու խոցելի հատվածները։ Բանակի մեծ մասը հետևակն էր, որոնք բաժանված էին նետաձիգների, նիզակակիրների, սակրավորների ու տեգակիրների։ Պատերազմի ժամանակ բանակը կարող էր համալրվել նաև աշխարհազորով, որոնց գնդերը ղեկավարվում էին գավառակալ իշխանների կողմից:

371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար
371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար
7032 | 0
Facebook