Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2018-ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին»․ Փաշինյան

09:48, շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
«2018-ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր մենք նշում ենք Քաղաքացու օրը, որը մեր տոնացույցում հայտնվեց 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, նշանավորելու դե ֆակտո հաստատումը վաղուց ի վեր հայտարարված այն բանաձևի, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
     Այդ բանաձևն այլևս անշրջելի իրողություն է Հայաստանում, և ապացուցվում է նաև վերջին տարիների իրադարձություններով, երբ երբեմնի էլիտաները, որ ի զորու էին փոքր հավաքներում որոշել ո՞վ լինի իշխանություն և ո՞վ ընդդիմություն, այլևս ի վիճակի չեն դա անելու, որովհետև նման որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն արդեն ունի միայն մեկ սուբյեկտ, և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության Քաղաքացին է, և քաղաքացիների հավաքականություն Ժողովուրդը:
     Հենց Քաղաքացու՝ որպես իշխանության բարձրագույն կրողի, օծումը տեղի ունեցավ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ և օծված Քաղաքացին է, որ մեզ հնարավորություն է տալիս դիմակայել վերջին տարիներին մեզ բաժին հասած դժվարագույն փորձություններին:
     Այդ փորձությունների առանցքային թիրախը մեր անկախությունն է, ինքնիշխանությունն ու պետականությունը, և քաղաքացու օծումը ոչ թե մեզ համակած այդ փորձությունների, այլ այդ փորձությունները հաղթահարելուն ի վիճակի լինելու առանցքային պատճառն է:
     Օծված Քաղաքացին, իշխանավոր Ժողովուրդն ի ցույց է դրել ինքնիշխան պետություն ունենալու իր կամքը և արտահայտված այդ կամքը պետք է ունենա կոնկրետ դրսևորումներ:
     Դրանցից կարևորագույնը տարածքային ամբողջականությունն է, առանց որի պետություն գոյություն ունենալ չի կարող, և մեր օրակարգի առանցքային խնդիրներից մեկը, որը լուծում ենք հիմա, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները վերարտադրելն է՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, պետականության հենք, և Քաղաքացին պետականության երաշխավորի իր հանդարտությամբ ապահովում է, որ մենք վճռականորեն գնանք այս ճանապարհով:
     Պետության գոյության հաջորդ կարևորագույն գրավականն իրավունքների և պարտականությունների հավասարակշռված հարաբերությունների մասին համաժողովրդական համաձայնությունն է, ժողովրդական որոշումը՝ արձանագրված պետության իրավական հիմքերում, և մի ինչ-որ պահի պետք է հասնենք նաև ռազմավարական այս նպատակին, որպեսզի երկրում հաստատված իրավակարգը, իրավունքների ու պարտականությունների համակարգը քաղաքացին իրենը, իր ստեղծածը համարի և ոչ թե ինչ-որ շրջանակների կողմից իրեն պարտադրված: Քաղաքացիական գիտակցությամբ ու որոշմամբ ստեղծված իրավակարգն ինքնիշխանության և պետականաության կարևորագույն պայման է, և այդպիսով նաև մեր պետականության սյուները պիտի ուժեղանան և ամրանան:
     Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Սա մի օր է, որ կերտել եք դուք՝ բոլորդ և յուրաքանչյուրդ, սեփական տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրելու մղումով: Ինչո՞ւ են ուրեմն Հեղափոխությունից հետո մեզ բաժին հասնում նման ծանր փորձություններ: Որովհետև որևէ մեկը չի կարող իր տանն անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու երջանիկ ապրել՝ առանց այդ տան դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու: 2018 թվականի Հեղափոխության ժամանակ մենք գիտեինք, որ մեր տան՝ Հայաստանի Հանրապետության դռները, լուսամուտները, տանիքն ու ցանկապատը կարգի բերելու անհրաժեշտություն ունեն՝ հակառակ դեպքում Հեղափոխություն անելու կարիք չէր լինի:
     Գիտեինք նաև, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, և այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին: Ոչ թե առանց հասկանալու չմտածեցինք դրա հետևանքների մասին, այլ հասկանալով չմտածեցինք, որովհետև ինքդ դու՛ լինելու հետևանքների մասին մտածելու մասին մտածելն անիմաստ է. դու պարզապես պիտի որոշես՝ ուզո՞ւմ ես դու լինել, թե՞ ոչ:
     Մենք որոշեցինք, որ մենք տանտեր ենք, ու գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով: Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը, որովհետև ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛:
     Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
     Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
4041 | 0
Facebook