Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամեն տարի ՀՀ-ում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ. 115-ը մահանում է». Մուրադյան

12:48, չորեքշաբթի, 17 հունվարի, 2024 թ.
«Ամեն տարի ՀՀ-ում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ. 115-ը մահանում է». Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ՝ 115-ը մահանում են այդ հիվանդությունից
     Արգանդի պարանոցի քաղցկեղը չորրորդ ամենատարածված քաղցկեղն է և ամբողջ աշխարհում կանանց մոտ քաղցկեղից մահացության չորրորդ հիմնական պատճառը (կանանց մոտ քաղցկեղից մահացությունների 7.7%-ը): 2020 թվականին գրանցվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 604.127 նոր դեպք և 341.831 մահ:
     Մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՎ) վարակը ներկայումս արգանդի պարանոցի քաղցկեղի ամենաընդունելի և տարածված պատճառն է: Աճող ապացույցներ կան, որ ՄՊՎ-ն կարևոր գործոն է անոգենիտալ շրջանի այլ քաղցկեղների, ինչպես նաև գլխի և պարանոցի քաղցկեղի զարգացման համար:
     Ընթացիկ գնահատականները ցույց են տալիս, որ ամեն տարի Հայաստանում միջինը 178 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 115-ը մահանում են այդ հիվանդությունից: Արգանդի պարանոցի քաղցկեղը Հայաստանում կանանց շրջանում քաղցկեղի հաճախականությամբ 8-րդն է, իսկ 15-44 տարեկան կանանց շրջանում՝ 2-րդը: Սա Հայաստանում բնակվող կանանց շրջանում քաղցկեղից մահացության 7-րդ հիմնական պատճառն է։ ՀՀ բնակչության շրջանում ՄՊՎ-ի տարածվածության մասին տվյալներ, ընդհանուր առմամբ, դեռևս չկան։ Այնուամենայնիվ, Արևմտյան Ասիայում, այն տարածաշրջանում, որին պատկանում է Հայաստանը, ընդհանուր բնակչության կանանց մոտ 2.5%-ը ներկայումս վարակված է արգանդի պարանոցի ՄՊՎ 16/18 վիրուսով, իսկ արգանդի պարանոցի ինվազիվ քաղցկեղի դեպքերի 72.4%-ը կապված է ՄՊՎ 16 կամ 18 վիրուսի հետ:
     Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ցուցանիշով երկրորդն է (8,4/100 000 կնոջ հաշվով) Վրաստանից հետո (9,8/ 100 000 կնոջ հաշվով):
     Հայաստանն առաջին անգամ արգանդի պարանոցի քաղցկեղի համակարգված սկրինինգային ծրագիրը գործարկել է 2015 թվականի հունվարին: Մեկ տարվա ընթացքում 30-60 տարեկան մոտ 110,000 կին հետազոտվել է ՊԱՊ քսուքի միջոցով (ծածկույթը կազմում է մոտ 30%): 3 տարվա հետազոտությունների մակարդակը ներկայումս կազմում է 41% և չի հասնում 70% միջազգային մակարդակին:
     ՀՀ-ում կանանց տոկոսը, ովքեր երբևէ անցել են Pap թեստը` 37% (25-65 տարեկանների խմբում) և 39% 30-49 տարեկանների խմբում: Այն կանանց տոկոսները, ովքեր անցել են նշված հետազոտությունը վերջին 3 տարվա ընթացքում, համապատասխանաբար, եղել է` 26% և 29% (2019թ.):
     Հայաստանում սքրինինգի և երկրորդային կանխարգելման ռազմավարությունների ներդրման շնորհիվ արգանդի պարանոցի չարորակ նորագոյացություններ են հայտնաբերվել վերջին 1-3 տարում սքրինինգ անցած կանանց 15%-ի մոտ:
     Հարկ է նշել, որ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը 2015թ-ին սիստեմատիկ սկրինինգի ներդրումից հետո որևէ լուրջ փոփոխության չեն ենթարկվել:
     ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում` մինչև 4 կամ ավելի քիչ` 100.000 կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար:
     1. 15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի
     2. Կանանց 70%-ը սքրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով 35 և 45 տարեկանում
     3. Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:
     Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են»:

1733 | 0
Facebook