Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ ջանքերով սահմանազատման շրջանակում ականազերծել են համապատասխան հատվածները, հստակեցրել աշխարհագրական կոորդինատները։ Այս մասին այսօր Ալմաթիում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ գրեթե ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը։
Բայրամովը հիշեցրել է նաև, որ Բեռլինում կայացած հանդիպումից հետո կողմերը կարծիքներ են փոխանակել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը հակված է խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Նա նշել է բանակցային գործընթացում կառուցողական ներգրավվածությունը։
«Ավելին, մենք կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, մենք կարող ենք ապաշրջափակել բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում՝ այն ըմբռնումով, որ բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են»,- ասել է Միրզոյանը։