Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ

22:18, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ.
Դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում` Եղիպատրուշ գյուղում, 2023 թ. հունվարից գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները, գրում է «Հետք»-ը։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել է փորձաքննության այս տարվա աշնանը` հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար, կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել է ապօրինի՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։

«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին արդեն անդրադարձել ենք: Ընկերության միանձնյա բաժնետերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Տիգրան Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը: Վերջինիս մասնակցությունը «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում անուղղակի է` «Միկշին» ՍՊԸ-ի միջոցով, որի 100% բաժնետերը նույնպես ինքն է:
     Լրատվականը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրել էինք մեկնաբանել, թե ինչու է «Մայլեռ» նախագիծը հիմա ներկայացվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, եթե տևական ժամանակ արդեն գործում է։ Այս հարցին նախարարությունը խուսափողական և ոչ բովանդակային պատասխան էր տվել՝ մեկ էջ վկայակոչելով օրենքի այն դրույթները, թե որ դեպքում է նախագիծը ներկայացվում փորձաքննության։ Մեղմ ասած՝ նախարարությանը չի հետաքրքրում այն փաստը, որ համալիրն արդեն գործում է, ծառերը հատվել են, կարևորը օրենքի ընթացակարգով փորձաքննության ներկայացնելու փաստն է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ամենից անտեղյակ է։ Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չեն նկատե՞լ, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ: Այս հարցերին ի պատասխան` Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետ Ս. Գալստյանը պատասխանել է, որ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում նախատեսվում է ստուգում իրականացնել: «Ստուգման ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է բաժնի պետը:

Ինչ խոստումներ են տրվել Կառավարությանը
     2021թ․ հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին։ Ծրագիրն իրականացնող «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն պատրաստվում էր շուրջ 15 միլիարդ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնար զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այդպիսով, ապահովվելու էր 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180000 դրամ աշխատավարձով։ Ըստ ներդրումային նախագծի՝ կառուցվող համալիրը հնարավորություն էր ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի, պետական բյուջե վճարվելու էր ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

Ինչ է նախատեսված՝ ըստ ՇՄԱԳ-ի
     Քանի որ ծրագիրը նոր է ներկայացվում շրջակա միջավայրի փորձաքննության, նախագծում խոստումները և ծրագրերը ապագային են վերաբերում: Այսինքն` գլխավոր պլանի համաձայն՝ լեռնադահուկային հանգստավայրը պետք է ներառի 17 ճոպանուղի՝ ժամում 41,400 մարդ ընդհանուր թողունակությամբ, որոնք կկարողանան սպասարկել միաժամանակ 17,000 դահուկորդի:

Ծրագրի ավարտին «Մայլեռ մաունթին ռեզորթը» կունենա մոտ 100 կմ երկարությամբ սահուղիներ: Նախատեսվում է նաև արհեստական ձնագոյացման համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա, անկախ եղանակային պայմաններից, ունենալ ձնապատ սահուղիներ դեկտեմբերից մինչև ապրիլ:

«Մայլեռ մաունթին ռեզորթ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ծավալուն բնակելի թաղամասերի կառուցում: Ծրագրի ավարտին կլինի մոտ 15 հազար համար (հյուրանոցային, ապարտ հոթելներ, առանձին սեփական տներ և այլն), որը հնարավորություն կտա գիշերակացով ընդունելու մոտ 40 հազար հյուրի:

10 հա անտառ՝ առաջին փուլի համար

Այս խոստումները կյանքի կոչելու համար հետաքրքրություն ներկայացնող հատվածներում, մասնավորապես՝ սահուղու և ճոպանուղու համար, անտառահատում է նախատեսվել՝ նոր անտառների մի քանի անգամ ավելի վերականգնման պայմանով։ Առաջին փուլում նախատեսվել է 10 հա մակերեսով անտառահատում։

«Անտառահատումները, որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրերի ստեղծման գործում: Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից»,- նշվել է ներդրումային ծրագրում։

Մինչդեռ ՇՄԱԳ-ում մեկ նախադասություն է նվիրվել անտառներին, դրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասվում։ «Տարածքում անտառների հետ իրավահարաբերությունները և պլանավորվող միջոցառումներն իրականացվելու են համաձայն նախաձեռնողի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի։

Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրեցինք հայտնել, թե որտեղ են կատարվել անտառահատումները և որտեղ են տնկվել խոստացված ծառերը։

Նախարարությունը տեղեկացրել է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երնջատափի անտառպետության տարածքից արդեն իսկ հատվել է 5,659 հա անտառային տարածք:

Ինչպես ձևական ՇՄԱԳ կազմակերպել
     ՇՄԱԳ-ի հայտում նշվում է, որ իրականացված դաշտային այցելություններով, ինչպես նաև գրականության մեջ առկա տվյալների համադրմամբ և նույնականացմամբ հաստատված է, որ հայցվող տարածքում հանդիպում է 4 կարմիրգրքային բուսատեսակ․ մասնավորապես, Վիշապագլուխ ողկույզային (Dracocephalum botryoides Stev.), հանդիպում է Արագած լեռան արևելյան լանջ, Գեղարոտ գետի կիրճի սկզբնամասում, 3400 մ ծ.մ.բ., ժայռոտ քարքարոտ լանջերին, քարաթափվածքներին: Լրջուն Թախտաջյանի (Isatis takhtajanii V. E. Avet.), հանդիպում է Գեղարոտի ջրվեժի հարևանությամբ, 3200 մ ծ.մ.բ., ժայռոտ լանջերին: Ճարտարուկ արարատի (Draba araratica Rupr.), հանդիպում է Արագածի հարավային լեռնագագաթի արևելյան լանջերին, 3200 մ ծ.մ.բ., ժայռոտ լանջերին: Ջուխտակ Օշեյի (Didymophysa aucheri Boiss.), հանդիպում է Արագած լեռնազանգվածի հարավ-արևելյան լանջերին, 3400 մ ծ.մ.բ., քարաթափուկներին:

ՇՄՆ-ին հարցրել էինք, թե ինչ ճակատագիր են ունեցել այս բուսատեսակները։ «ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կ. գ. թ. Մերինե Սարգսյանի ուսումնասիրությունների արդյունքում հայցվող տարածքում և մերձակա տարածքներում վերոնշյալ բուսատեսակներ և առանձնահատուկ պահպանություն ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված այլ բուսատեսակներ չեն հայտնաբերվել»,- վստահեցնում է ՇՄՆ-ն»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

3391 | 0
Facebook