Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ահազանգել է ստացվել Iravaban.net-ի խմբագրություն` Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում շների մասսայական սպանություններ են տեղի ունեցել։ Ահազանգող Գոհար Տեր-Անտոնյանի խոսքով՝ ինքն ու իր աղջիկն զբաղվում են անտուն շների խնամքով, կացարան տրամադրելով։
«Երեկ երեկոյան ահազանգ ենք ստացել Մարտունիից։ Մեր աղբյուրը մեզ հայտնեց, որ քաղաքապետի տեղակալը, ոմն Վահագն, հրացանով, օրը ցերեկով, շուկայի, «Հին կինոյի» տարածքում սպանում է անտուն կենդանիներին։ Նրա հետ պտտվում է ինչ-որ սպիտակ Ford, որը շների դիակները դնում է մեքենայի մեջ ու տանում են»,- հայտնել է Գոհարը` հավելելով, որ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։
Նա մտավախություն ունի, որ գործը կոծկվելու է ու իրավապահները ոչ մի գործողություններ չեն կատարելու։ Աղբյուրին են տրամադրվել նաև լուսանկարները, որոնցում 3 սպանված շուն է պատկերված։ Գոհարի պնդմամբ՝ այլ սպանված շներ էլ են եղել, սակայն նրանց չեն հասցրել նկարել, մեքենայով տեղափոխել են․ «Մեր աղբյուրը Մարտունի քաղաքից հայտնել է, որ 12-13 շուն են սպանել, միայն 3-ին է հասցրել նկարել։ Հենց Վահագն է կրակել»։
IԱղբյուրը կապ է հաստատել Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանի հետ ու դեպքի առնչությամբ ստացել նրա մեկնաբանությունը։ Նա պնդել է, որ շների սպանդով չի զբաղվել, անգամ զենք օգտագործել չի կարողանում․ «Առհասարակ ոչ մեկ իրավունք չունի նման բանով զբաղվելու։ Չի կարող նման բան լինել»։
Դավթյանը պնդեց նաև, որ տեղյակ չի անգամ քաղաքում շների դիերի առկայության, սպանության մասին։ Նա նշեց, որ քաղաքացիներից շատ ահազանգեր են ստանում, որ շները հարձակվում են ինչպես մարդկանց, այնպես էլ անասունների վրա։
Առավել մանրաման` սկզբնաղբյուրում: