Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «Ալիք մեդիայի» եթերում պատասխանելով հարցին՝ ո՞վ զգետնեց Արցախի պետականությունը, ասել է. «Պարզ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը և բոլոր նրանք, ովքեր սատարում են նրան: Արցախի հանձնումն այսօր չի սկսվել, այլ՝ երբ Նիկոլը հրահրեց պատերազմ՝ ասելով Արցախը Հայաստան է ու վերջ: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը ձերբակալել ու կալանավորել է Արցախի հերոսներին: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը Դուշանբեում սկսեց տետատետ հարաբերվել Ալիևի հետ: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլը մերժեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ժառանգությունը: Արցախի հանձնումը սկսվել է, երբ Նիկոլն ասաց՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ...»: Հարցին՝ ինչո՞ւ էր ՀՀԿ-ն ուրախ Արայիկ Հարությունյանի հրաժարականով ու Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալով, Շարմազանովն ասել է. «Ուրախ, ոչ ուրախի խնդիր չկա: ՀՀԿ-ն մշտապես դեմ է եղել Արայիկ Հարությունյանի քաղաքական գործունեությանը, բայց եթե նա ընտրվել է նախագահ, իրավունք չունենք անել ամեն ինչ, որ հրաժարական տա, որովհետև եթե հրաժարական տվեց, ընտրություններով նախագահ ընտրվելու ինստիտուտը վտանգի տակ է. Ադրբեջանը կարող էր սա օգտագործել: Խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն դրդել է, որ Հարությունյանը հրաժարական տա, աբսուրդ է: Նա ի՛նքն է հրաժարական տվել»: