Ուկրաինացի լուսանկարիչ Եվգենի Մալոլետկայի՝ Մարիուպոլի ծննդատան լուսանկարը ճանաչվել է տարվա լուսանկար՝ ըստ հեղինակավոր World Press Photo մրցանակի։
Լուսանկարում երևում է 2022 թվականի մարտի 9-ին Մարիուպոլի ծննդատան ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքները, գնդակոծության ժամանակ վիրավորված Իրինա Կալինինան և նրան պատգարակով տեղափոխող տղամարդիկ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավոր հղիի երեխան մահացած է ծնվել, իսկ ինքը՝ Իրինան, մահացել է ծննդաբերությունից հետո (նրա կոնքը ջախջախվել էր, իսկ ազդրը՝ պոկվել)։
Ժյուրին համարել է, որ լուսանկարի հեղինակին հաջողվել է մեկ լուսանկարով ֆիքսել Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքով մարդկանց տառապանքը։