Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում

19:12, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2023 թ.
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։

Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը՝ ներկայացնելով համալսարանի հավատարմագրման ինստիտուցիոնալ գործընթացի փուլերը։

Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվել է երեք հաջորդական փուլերով։

«Առաջին փուլում կատարվել է ուսումնական հաստատության ինքնավերլուծություն` դիտարկվել են բուհի առաքելությունը, նպատակները և ձեռքբերումները։ Երկրորդ փուլում կատարվել է արտաքին գնահատում անկախ փորձագետների խմբի կողմից։ Այսինքն`փորձագետներն իրականացրել են փորձագիտական վերլուծություն, որից հետո տրամադրել ձեռքբերումների մասին վկայություններ և խորհրդատվություն`աշխատանքների հետագա բարելավման նպատակով: Իսկ ահա երրորդ փուլում Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) hավատարմագրման խորհրդի կողմից վերջնական փորձագիտական զեկույց է պատրաստվել և որոշում կայացվել, ըստ որի` Մեսրոպ Մաշտոց համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում` 4 տարի ժամկետով, ինչը մեզ համար մեծ ձեռքբերում է»,-մանրամասնել է Դ. Գաբրիելյանը։

Ըստ ռեկտորի` ՄՄՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը սկսվել է դեռևս 2019թ-ին: Այն իրականացվել է ԱՀ կառավարության կողմից միջին և բարձրագույն մաuնագիտական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատությունների պետական հավատարմագրման կարգի համաձայն: 2022 թվականի մայիսի 2-5-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբը համալսարանում գնահատում իրականացրեց 10 չափանիշներով։ Փորձագետները հանդիպումներ ունեցան բուհի հիմնադիրների խորհրդի անդամների, ռեկտորի, պրոռեկտորի, ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի ապահովման կենտրոնի մասնագետների, ստորաբաժանումների ղեկավարների, գործատուների, շրջանավարտների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, տարբեր ֆակուլտետների ուսանողների, ՈւԽ և ՈւԳԸ ներկայացուցիչների հետ: Խումբն իրականացրեց փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև դիտարկեց ուսանողների գնահատումը։

Դ. Գաբրիելյանի հավաստմամբ՝ որպես ժամանակակից ուսանողակենտրոն բուհ՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի առաքելությունը որակավորված, իրազեկված, մրցունակ, ճկուն, կիրառական կարողություններով օժտված և ինքնաիրացման ու ինքնակատարելագործման պատրաստ, բակալավրի և մագիստրոսի որակավորումներով մասնագետների թողարկումն է՝ ելնելով տարածաշրջանի առանձնահատկություններից և աշխատաշուկայի պահանջներից:

«Համալսարանի գործունեության նպատակներից է աջակցել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ հաշվի առնելով արտաքին շահակիցների պահանջերը և ապահովելով համապատասխան կարողություններով շրջանավարտների պատրաստումը»,- ընդգծել է Դ. Գաբրիելյանը։

2199 | 0
Facebook