Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լույս է տեսել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը՝ գրողի խմբագրած վերջին տարբերակով

23:42, չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ.
Լույս է տեսել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը՝ գրողի խմբագրած վերջին տարբերակով

ՀՀ ԿԳՄՍՆ Գրական նախագծերի համակարգող Արմեն Սարգսյանը տեղեկացնում է. «Լույս է տեսել Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը:
     «Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը կարծես կորստի խորհրդանիշ է։
     Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին:
     Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։
     «Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ:
     Հետչարենցյան ընթացքում վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած վերջին տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։
     Աշխատասիրությունը՝ Թագուհի Ղազարյանի, սրբագրիչ՝ Կարինե Մեսրոպյան, ձևավորումը՝ Լիլիթ Անտոնյանի, էջադրող՝ Arpine Guloyan, հրատարակիչ՝ Վերնատուն:
     Հունիսի 3-ից՝ բոլոր գրախանութներում: Բարի ընթերցում»:

Աղբյուրը` Արմեն Սարգսյան
8732 | 0
Facebook