Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տարվա գործարք. Իլոն Մասքը գնել է Twitter-ը

00:36, երեքշաբթի, 26 ապրիլի, 2022 թ.
Տարվա գործարք. Իլոն Մասքը գնել է Twitter-ը

44 միլիարդ դոլարով
     SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը, հայտնում է Twitter ընկերությունը։

Ընկերությունը հայտարարել է, որ վերջնական համաձայնագիր է կնքել և Իլոն Մասքը սոցցանցը ձեռք կբերի մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլար արժեքով, գործարքի արժեքը մոտավորապես 44 միլիարդ դոլար է:
     Իլոն Մասքը, ով երկու շաբաթ առաջ Twitter-ի սեփականատերերին առաջարկել էր իրեն վաճառել ընկերությունը, ասել է, որ այս սոցիալական ցանցը հսկայական չօգտագործված ներուժ ունի, որն ինքը կարող է իրացնել։ Նա արդեն մի քանի փոփոխություն է առաջարկել՝ սկսած հրապարակված բովանդակության սահմանափակումների թուլացումից մինչև կեղծ հաշիվների վերացում:

«Ազատ խոսքը գործուն ժողովրդավարության հիմքն է, իսկ Twitter-ը թվային քաղաքային հրապարակ է, որտեղ քննարկվում են մարդկության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր»,- ասել է Մասքը՝ հայտարարելով գործարքի մասին, գրում է BBC-ն։

Իլոն Մասքը մոլորակի ամենահարուստ մարդն է, Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 273,6 միլիարդ դոլար՝ հիմնականում նրա ղեկավարած Tesla-ում ունեցած բաժնետոմսերի շնորհիվ։ Մեկ այլ հայտնի ընկերություն, որը սերտորեն կապված է նրա անվան հետ, ավիատիեզերական SpaceX ընկերությունն է:

Twitter-ը 2006 թվականին ստեղծել է Ջեք Դորսին և այն այսօրվա դրությամբ ունի ավելի քան 330 միլիոն ակտիվ օգտատեր: Այս գործարքով ավարտվում է Twitter-ի՝ որպես հանրային ընկերություն գործունեությունը:

Twitter-ի բաժնետոմսերի գինը 6 տոկոսով աճել է այն բանից հետո, երբ պաշտոնապես հաղորդվել է ընկերության և Իլոն Մասքի համաձայնության մասին:

7367 | 0
Facebook