Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն

19:42, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն

Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:
     Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, դատախազություն են հրավիրվել վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:
     Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:
     Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ մահվան հանգամանքը չի բացառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։
     Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։
     Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
     2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
     Գեներալ–լեյտենանտը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին:

3220 | 0
Facebook