Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար». քաղաքագետ

04:12, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
«Այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի միջուկային ծրագիրը արդյունավետ կերպով առաջ է գնում և ոչ հեռու ապագայում այն դառնալու է փաստ: Միակ տարբերակն այն խաթարելու համար մնում է մեծ պատերազմը: Իսկ ով է պատերազմելու Իրանի դեմ: Կարծես թե այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը: Այս կոնտեքստում է պետք դիտարկել Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքի իմաստը, նաև Ադրբեջանի շարունակվող ռազմական գնումներն ու ռազմական մարզումները:
     Պարզ է, որ Իրանի դեմ գործում է Լոնդոն-Անկարա-Բաքու-Թել-Ավիվ առանցքը (մեր վերջին պատերազմը հենց այս առանցքն է կազմակերպել և այն պետք է դիտարկել հենց Իրանի կոնտեքստում): Իրանի դեմ օգտագործվելու են տեղի ադրբեջանցիներն ու Խուզիստանի արաբները, Իրանն իր հերթին կփորձի ակտիվացնել Թուրքիայի քրդերին, ինչպես դա մի անգամ արել է Իրաքի դեմ պատերազմում:
     Իսկ ովքեր են լինելու Իրանի դաշնակիցները: Պակիստանի պահով հարցեր կան, հաշվի առնելով նրա հարաբարությունները Չինաստանի հետ, Չինաստանն ու Ռուսաստանը քիչ հավանական է, որ ուղղակիորեն աջակցեն Իրանին, անուղղակի կերպով երևի դա կանեն:
     Որ ճանապարհով է Թուրքիան զորք և ռազմական մատակարարումներ իրականացնելու Ադրբեջան, այս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար:
     Այն, որ այս սցենարը մեծ հավանականություն ունի իրականանալու, պարզ է, իսկ երբ՝ դա ավելի դժվար է կանխատեսել, սակայն Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կարծես թե արագացնում է դեպքերի զարգացումը:
     Մենք ինչ ենք անելու, դա արդեն հարց է, որը պետք է ուղղված լինի կառավարությանը: Կառավարության պարտականությունն է տարբեր սցենարների համար գործողությունների ծրագրեր կառուցել և համապատասխան քաղաքականություն վարել: Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ»:

4811 | 1
Facebook