Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կպատասխանի ԵՄ-ի կողմից պատրաստվող ոչ բարեկամական քայլերին». Լավրով

16:10, երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
«Ռուսաստանը կպատասխանի ԵՄ-ի կողմից պատրաստվող ոչ բարեկամական քայլերին». Լավրով

Մոսկվան անպատասխան չի թողնի Եվրոմիության կողմից Ռուսաստանի դեմ նախապատրաստվող ոչ բարեկամական քայլերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ժամանակակից իրողությունները, իհարկե, համատեղելի չեն հեգեմոնիզմի և գերիշխանության տրամաբանության, սանիտարական միջանցքներ և երկաթյա վարագույրներ վերստեղծելու փորձերի հետ։ Կրկնում եմ, մենք գիտենք, որ Եվրոպայում քիչ չեն նրանք, ովքեր գիտակցում են մեր երկրի նկատմամբ առճակատման ընթացքի անարդյունավետ լինելը, և հույս ունենք, որ ողջամտությունը, ի վերջո, կգերակշռի, և մենք կկարողանանք ձեռնամուխ լինել հարաբերությունների նոր, հավասարակշռված մոդելի մշակմանը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է Լավրովը՝ Ռուսաստանի և Եվրոմիության հարաբերություններին նվիրված խորհրդաժողովում:

«Ռուսաստանը բաց է նման իրավահավասար, ևս մեկ անգամ ընդգծեմ, ազնիվ փոխգործակցության համար։ Դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք նոր՝ ոչ բարեկամական քայլերը, ուժի դիրքերից խոսելու փորձերը, ներքին գործերին միջամտելը։ Նման քայլեր նախապատրաստվում են, այդ մասին արդեն բացահայտ խոսում են։ Սակայն պատասխանը հաստատ չի հապաղի»,- ընդգծել է նա։

4147 | 0
Facebook